Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/164

Այս էջը սրբագրված է

նիւթերը կարող են յիշեալ ստատիստիքական օրգանին մատչելի լինել, սկզբներում գուցէ մի փոքր ձևական դժուարութիւններով։ Բայց մի անվիճելի առաւելութիւն, որ կարող է ունենալ քաղաքային կեանքի վերաբերեալ վիճակագրական տեղեկութիւնների հաւաքումը, դա այն է, որ այդտեղ հայերի մասին եղած տեղեկութիւնների հետ միասին կարելի է միաժամանակ նիւթեր քաղել նաև հարևան ժողովուրդների մասին միևնոյն աղբիւրներից։ Իսկ դա խիստ անհրաժեշտ է մեր ծայրերկրի խառն ազգաբնակութեան փոխյարաբերութիւնների վրայ փաստական հիմքերով լոյս սփռելու համար։

Ի՞նչ կարող է տալ մեզ Ազգագրական ընկերութեան վիճակագրական մարմնի պալիատիւ աշխատանքը։ Շատ, չափազանց շատ բան։

Քաղաքներում (մեծ թէ փոքր) գոյութիւն ունեցող հայ (նաև օտար) արդիւնաբերական ձեռնարկութիւնների և առևտրական ֆիրմաների քանակը, նրանց մէջ գործող կապիտալի գումարը (գէթ մօտաւոր չափերով), նրանց վճարելիք հարկերի և տուրքերի (պետական և քաղաքային) մեծութիւնը։ Ի՞նչ վիճակի մէջ են մեծ քաղաքներում ձեռնարուեստը և մանր առևտուրը. հայերի մասնակցութեան քանակական չափը և որակական աստիճանը այդ երկու ասպարէզներում։ Տեխնիքական և առևտրական ողջ (բարձր, միջին և ստորին) պերսոնալի կամ «ինտելիգենտ պրոլետարիայի» ազգային պատկանելիութիւնը, դասային կազմը եւ ծագման վայրը, նրանց սոցիալական կացութիւնը։ Ճիշտ նոյն տեղեկութիւնները բանուոր դասակարգի մասին. բացի դրանից՝ բանուորի ընտանիքի սովորական բիւջէն, աշխատավարձի նորման, տնտեսական վիճակը, բնակարանային հարցը, որքան է զուտ արդիւնաբերական կամ ինդուստրիական հայ բանուորութիւնը և որքան են արհեստների հետ կապուած բանուորները։ Ի՞նչ կապ են պահպանում նրանք գիւղերի հետ (ազգակցական, նիւթական կամ հողային-սեփականատիրական). մայրենի և օտար գրագիտութեան տարածումը հայ (և ոչ հայ) բանուորութեան շրջաններում և այսպէս անվերջ։

Օտար երկրներում նման հարցերի վերաբերեալ գոյութիւն ունեն հսկայական գրադարաններ և յատուկ հանդէսներ են հրատարակւում նրանց շուրջը։ Մեր մէջ, ընդհակառակը, նրանք հնչում են որպէս վերացական բառեր. յօդուած ու գրքոյկ անգամ գոյութիւն չունի դրանց մասին։ Ուրեմն, որքան անգնահատելի կը լինի այդ ուղղութեամբ արուած որևէ քայլ, թէկուզ պակասաւոր աշխատանք։ Հայ Ազգագրական ընկերութիւնը կարող է, ուրեմն և պարտաւոր է, նախաձեռնել այդ անհրաժեշտ խիստ կենսական գործի կազմակերպման։

Բայց մենք մի ուրիշ առաջարկ ևս ունենք։

Ազգաբնակութեան աճման երևոյթով հետաքրքրուողները, խոստովանում ենք, մի առանձին թերահաւատութեամբ են վերաբերուել միշտ դէպի այն տուեալները, որ տարէցտարի հրատարակում է «Կովկասի Օրացոյցը»։ Եթէ աւելին չասենք և ուրիշ մոտիւներ չը շեշտենք, բաւական է հէնց այն հանգամանքը, որ կովկասեան ժողովուրդների աճման վերաբերող տուեալները ժողովում են ոստիկանական մարմինները, որ միանգամայն անձեռնհաս են մի այդպիսի պատասխանատու աշխատանքի համար։

Մեզ թւում է, այդ հողի վրայ ևս հայերը կարող են ստուգուած աղբիւրներով