Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/167

Այս էջը սրբագրված է

պայմաններ անձնաւորութեան բազմակողմանի և ազատ զարգացման համար, ճնշում գիտութեան տաճարում, ազատախոհ պրոֆեսսորների հեռացում համալսարաններից, համալսարանական նոր կանոնադրութիւն, որով ուժեղացւում էր հսկողութիւնը ուսանողութեան վրա, մամուլի և խօսքի սահմանափակում և հալածանք (օրինակ՝ փակուած էր արմատական «Отчественныя Записки» ամսագիրը). գրադարաններից վերացուած էին բազմաթիւ լուրջ գրքեր, որոնք առաջ իրենց ուղղութեամբ «անբարեւյոյս» չէին ճանաչուած. արգելուած էին ոչ միայն հասարակական համախմբումները, այլ և խիստ պատժւում էին մասնաւոր բնակարաններում հաւաքուելու փորձերը, «դվորնիկները» մի մի ցերբեր էին դարձել։ Եթէ այս բոլորին աւելացնենք միջնակարգ ուսումնարաններում տիրող Տոլստօյեան րեժիմը և ուսման ծրագիրը, հասկանալի կը լինի, թէ ինչ աննպաստ մթնոլորտում պէտք է աճէր նորաբողբոջ երիտասարդութիւնը։ Այն ուղղութիւնը, որ քարոզում էր քաղաքական յեղաշրջումը տերորիստական գործելակերպով, ջախջախուած էր, և «նարոդովոլցիների» դեռ եւս կենդանի կամ ազատ մնացած աննշան բեկորները իրենց վերջին օրերն էին քաշում, թագնուած գաղտնի խորշերում, իսկ նրան յաջորդող սոցիալ-դեմոկրատիական ուղղութիւնը դեռ նոր էր սկսում Ռուսաստանում սաղմնաւորուել և ազդեցութիւն ձեոք բերել։ Չափազանց դժուարացել էր պրոպագանդան։ Գաղտնի ոստիկանութեան ցանցը մուտք էր գործել նոյն իսկ յեղափոխական կազմակերպութիւնների մէջ և պրովոկատորները մեծ դեր էին կատարում այդ գործիչների շրջաններում։ Կարելի է ասել, որ ուսանողական ահագին մեծամասնութիւնը կտրուած էր յեղափոխական տարրի ազդեցութիւնից. ուսանողական «անկարգութիւններն»՝ ցոյցերը կորցրել էին իրենց առաջուայ թափը և ծրագրային լրջութիւնը։

Այդ ժամանակուայ հայ ուսանողական «Ժողով» կոչուած ընկերութիւնը, կարելի է ասել, կազմալուծուած վիճակի մէջ էր։ Հայ ուսանողութիւնը բաժանուած էր երկու հատուածների՝ «Լազարիստներ» եւ «Կովկասցիներ». բոլոր նրանք, որոնք աւարտել էին Լազարեան ճեմարանի գիմնազիական դասընթացքը և մտել համալսարան կամ նոյն ճեմարանի լիցէյը, կազմում էին առանձին խմբակցութիւն՝ գունաւորուած «ազգային ուղղութեամբ». Կովկասցիների վրայ նրանք նայում էին իբրև «ապազգայնացած տարրի» վրայ։

Թէև միջնակարգ կրթութիւնս աւարտել էի Լազարեան ճեմարանում, բայց իբրև միակ հայ աշակերտ, որ գիշերօթիկ չէր, այլ երթևեկ, այնքան էլ սերտ կապուած չէի լազարիստ ընկերներիս. ինտերնատի համակենցաղը նրանց աւելի մտերմացրել էր։ Բացի այդ մեր մէջ տարածուած էր լրագիրների ընթերցանութիւնը, եւ մենք էլ «ուղղութիւնների» էինք բաժանուած։ Դեռ աշակերտական նստարանի վրայ, լաւ չեմ յիշում V-րդ թէ VI-րդ դասարանում, ես մի թղթակցութիւն էի տպել «Մշակում», որի մէջ խիստ քննադատութեան էի ենթարկել հայոց լեզուի և կրօնի դասաւանդութիւնը Լազարեան ճեմարանում. այդ գրուածքը բաւական իրարանցում առաջ բերեց, և վերատեսուչ Գ. Քանանեանը նոյն իսկ փորձ արաւ փոփոխութեան ենթարկել այդ առարկաների պրոգրամները։ Սակայն աւելի եռանդուն աշխատակցում էի Մարսէյլի «յեղափոխական» «Արմենիային»։ Այդ աշակերտական հրապարակախօսութիւնը բնականաբար արձագանգ էր Հայկակի, Րաֆֆու և Գամառ–Քաթիպայի գրուածքների և տենդենցների։ Իմ ընկերներից