Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/170

Այս էջը սրբագրված է

բնորոշ մի խմբովին լուսանկար երևի այժմ էլ կարելի է տեսնել դրանց փառաւոր ապարանքներում։ Այդ խմբի անդամներից իւրաքանչիւրի պատկերի տակ դրոշմուած է Հայաստանի այն մասի, այն գաւառի անունը, ուր նա ընտրել էր այն ժամանակ իր ապագայ գործունէութեան ասպարէզը...

Համալսարանական ուսանողութեան շրջաններից տարբեր էին «տեխնիկների» և «պետրովցիների» շրջանները։ Առաջին շրջանի մշտական ներկայացուցիչը, ինչպէս հեգնում էինք՝ «միշտ միաձայն վճիռներով» էր Ա. Ս. Բ., իսկ պետրովցիներից ես ծանօթ էի Սիմէօն Զաւարեանին, Ա. Ս.–ին եւ Մ. Շ.–ին։ Պետրովցիները, ապրելով քաղաքից դուրս և լինելով աւելի ազատ ոստիկանական հսկողութիւնից, աւելի էին ենթակայ յեղափոխականների պրոպագանդային...

Ուսանողական շրջաններից դուրս կային մի 2—3 հայ ընտանիքներ, որոնց մօտ գնալ գալ ունէին գլխաւորաբար «լազարիստները». սրանք դեռ ճեմարանից յաճախում էին այդ ընտանիքները և բոլորն էլ միաժամանակ սիրահարուած էին լինում միևնոյն օրիորդների վրայ... Ինտերնատի չորս պատերում մեծացած պատանիների ամենամեծ զուարճութիւնը պարն էր, և պէտք է ասել, որ լազարիստ գիշերօթիկները լաւ պարողների համբաւ ունէին։ Ուր օրիորդներ՝ այնտեղ և պար։ Իմ գիշերօթիկ ընկերներից շատերը րեպետիտորութիւնով վաստակած կոպէկները տալիս էին հմուտ դերձակների՝ փոփոխելու համար ճեմարանից տրուող անշնորհք ու տձև շորերը, գնելու աւելի սիրուն կօշիկներ, ձեռնոցներ և այլն՝ պարահանդէսներում վայելուչ երևալու համար։ Ես չէի պարում և չէի սիրում յաճախել պարահանդէսներ...

Шумъ, хохотъ, бяготня, поклоны,
Голопъ, мазурка, валсъ...

Հեգնում էի ընկերներիս, իսկ նրանք էլ պարտքի տակ չէին մնում. «դու վայրենի ես», պատասխանում էին հանաքով։ Սակայն այդ հանաքը մի անգամ վերածուեց ցասումի. առիթը հետևեալն էր։ Ս. Մ՝–ի տանը տօնւում էր Սմբատ Շահազիզի յօբելեանը։ Ճաշկերոյթի ժամանակ ըստ սովորութեան ոգևորուած ճառեր, ներբողներ և այլև։ Ես էլ թոյլտւութիւն խնդրելով Շահազիզից լինել անկեղծ, սկսեցի քննադատել ճեմարանում հայերէնը դասաւանդելու եղանակը և ծրագրի թերութիւնները, գտնելով, որ Խորենացուց, Եզնիկից և Կաղանկատուացուց հատ ու կտոր հատուածներ ռուսերէն թարգմանելով, շատ քիչ բան է տրւում աշակերտներին, և ցանկալի կը լինէր անցնել գրականութեան պատմութիւնը՝ կապակցուած պատմութեան հետ... Ընկերներս բարկացկոտ նայուածքներ էին ուղղում դէպի ինձ և նշաններ անում, որ լռեմ, գտնելով իմ խօսքերը անտեղի և անտակտ։ Երբ ես վերջացրի, Շահազիզը շնորհակալութիւն յայտնեց անկեղծութեանս համար և բացատրեց, որ «իրանից անկախ պատճառներով անիրագործելի են» իմ պահանջները։ Այդ դէպքից յետոյ էլ նա պահպանեց իր համակրական վերաբերմունքը և առաջինն էր, որ խրախուսական նամակով ողջունեց իմ գրական սկզբնական փորձերը «Մուրճ»-ում։

«Յուշերիս» այս մասը վերջացնելուց առաջ չեմ կարող մի քանի խօսք էլ չասել Լազարեան ճեմարանի վերատեսուչ Գ. Քանանեանի մասին, որ յաճախ ինձ պատահելիս համոզում էր համալսարանը աւարտելուց յետոյ