Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/172

Այս էջը սրբագրված է

2.

Պետրոսը վեց տարեկան էր, որ ծառայի ուղեկցութեամբ նորաբաց Ներսէսեան դպրոցն էր յաճախում։

Այդտեղից 1830 թ. նրան տեղափոխեցին Թիֆլիսի արքունի գիմնազիան, որտեղից 1833-ին գնաց Մոսկուա Լազարեան ճեմարանում ուսումը շարունակելու։

1837 թուին ճեմարանն աւարտելով, Մոսկուայի համալսարանի բժշկական բաժինը մտաւ։ Սակայն բժշկութեան ուսման հետ կապուած դժուարութիւնները իր բնութեան հակառակ էին, ուստի նա թողնում է բժշկական գիտութիւնը և մտնում է լեզուագիտական բաժինը։ Բայց այդ բաժինն ևս թողնելով, անցնում գնում է Պետրոգրադ Արևելեան ինստիտուտը մտնելու համար և որովհետև հայերին այնտեղ չէին ընդունում, Շանշեանը վերադառնում է Մոսկուա և մտնում համալսարանի իրաւաբանական բաժինը, որ և 1843 թ. աւարտելով, անցնում է Եւրոպա այնտեղ ուսումը կատարելագործելու նպատակով։

Լինում է Վիեննայում, Վենետիկում և իվերջոյ Պարիզում հաստատւելով, սկսում է Սորբոնում փիլիսոփայութեան և աստուածաբանութեան դասախօսութիւններ լսել, այդ առարկաները աւելի յարմար գտնելով իր հակումներին ու ցանկութեանը։ Պարիզում Շանշեանը մասնակցում է 1848 թուի յեղափոխական կլուբների ժողովներին։ Ապա հետևեալ տարին սկսում է ճանապարհորդել։

Այցելում է Նէապոլի և Հռոմի համալսարանները և ապա վերադառնում Պետրոգրադ, ուր զինուորական մինիստր Չեռնիշովը նրան հրաւիրում է դաստիարակ իր զաւակներին։

3.

Պետրոգրադում այդ միջոցին մի քանի յայտնի և բարձր դիրքի տէր հայազգիներ կային՝ Աղաթոն Հաքիմեան, բժշկապետ Սողոմոն Յարութիւնեան Տէր Ղուկասեանց, Նիկողայոս Սամուէլեան Շանշեան (Պետրոսի մեծ եղբայրը) և ուրիշները։ Այդ շրջանի մարդկանց լաւ յայտնի էր Պետրոս Շանշեանը ոչ միայն իբրև բազմակողմանի կերպով զարգացած մի մարդ, այլ և մի վերին աստիճանի ազնիւ և բարեբարոյ երիտասարդ, որ միանգամայն հեռու էր իր ծագման ու դիրքին համապատասխան փառասիրութիւնից և ձգտումներից։

Շանշեանի այս գովելի յատկութիւններին քաջածանօթ Աղաթոն Հաքիմեանը Ներսէս Ե. կաթողիկոսին խորհուրդ տուեց, որ Պետրոս Շանշեանին հրաւիրէ Ներսէսեան դպրոցը տեսչի պաշտօնով։ Եւ Ներսէսը, որ 1844–ին Պետրոգրադ եղած միջոցին տեսել և հաւանել էր երիտասարդ Շանշեանին և շատ սիրում էր նրա Նիկողայոս եղբորը, Աղաթոն Հաքիմեանցի խորհրդին անսալով, Թիֆլիսից 1851 թուին Շանշեանին հրաւիրեց տեսուչ Ներսիսեան դպրոցի։ Պետրոս Շանշեանը, ի մեծ զարմանս Պետրոգրադի և Թիֆլիսի ծանօթ ազնուականների, մայրաքաղաքում իրան համար պատրաստի և բարձր