Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/173

Այս էջը սրբագրված է

պաշտօններին նախապատուեց իր ծննդավայրի և իր ազգի դպրոցին ծառայելը տարեկան 500 րուբլի խիստ համեստ ռոճկով։

4.

Թիֆլիս հասնելով, Շանշեանը ահա թէ ինչ դրութեան մէջ գտաւ Ներսէսեան դպրոցի ուսումնական վիճակը։

Բացի հայերէնից, կրօնից և երգեցողութիւնից, որոնք մայրենի լեզուով էին աւանդւում Ներսիսեան ուսումնարանում, մնացած բոլոր առարկաները, այն է՝ երկրաչափութիւն, աշխարհագրութիւն, ռուսաց պատմութիւն և թուաբանութիւն աւանդւում էին ռուսերէն։ Ռուսաց լեզուն կար ու կար։ Կային նոյնպէս ֆրանսերէն և պարսկերէն լեզուները։

Կրօնի և երգեցողութեան աւանդողները քահանաներ էին թուով երեք։ Հայ լեզուն աւանդում էին Յակոբ Կարինեան և Յարութիւնեանց, ռուսաց լեզուն՝ Միք. Պատկանեան և Չմշկեան։ Իսկ մնացած առարկաներն աւանդողները պետական հայազզի պաշտօնեաներ էին՝ Սունդուկեանց, Ծուրինեանց և Հէջբուեանց, որոնք առանց ռոճկի՝ ձրի էին պարապում, ազգասիրաբար։ Առանց բացառութեան բոլոր ուսուցիչների պարապման եղանակը նոյնն էր՝ մեքենայական, բթացուցիչ։ Առարկաներն աւանդւում էին մեծ մասամբ առանց դասագրքերի (որպիսիք չը կային այն ժամանակ) կամ ուսուցիչների գրած և կամ դասի ժամանակ աշակերտներին թելադրուած տետրակների օգնութեամբ։

Ապտակել, քանոնով ձեռքը ծեծել, մազերից և ականջներից քաշել, չոքեցնել, անկիւններում կանգնեցնել, անարգական խօսքեր ասել, վիրաւորիչ մակդիրներ տալ սովորական պատիժներ էին, որ ամեն մի ուսուցիչ իրաւունք ունէր տալ իր աշակերտներին։ Զարկելու կամ ռոզգի խփելու իրաւունքը վերապահուած էր միայն տեսուչներին, որ էին Կարինեան և Պատկանեան։

Նոր տեսուչ Շանշեանի առաջին գործն եղաւ նախապէս ծանօթանալ դպրոցի ծրագրին և ուսուցիչների մեթոդներին։ Ուստի մի երկու շաբաթ նա զբաղուած էր դասեր յաճախելով, ամենայն երկայնմտութեամբ ու լռութեամբ ուսումնասիրելով իր տեսածներն ու լսածները, առանց ումևիցէ որևէ նկատողութիւն կամ դիտողութիւն անելու։

Միայն մի օր Շանշեանը իրան թոյլ տուեց կրօնուսոյցին մի շատ մեղմ նկատողութիւն անել։

Կրօնուսոյցը Սահառունի քահանան էր, որ խիստ նկատողութիւն արեց աշակերտին, երբ վերջինս ուսուցչի պահանջով չը կարողացաւ ճշտութեամբ անուանել դևերի տեսակներն ու անունները մի առ մի։ Շանշեանը դարձաւ դէպի նա և հեղօրէն ասաց՝ «տէ՛ր հայր, տէ՛ր հայր, սատանաների անուները չիմանալն աւելի լաւ է, քան թէ իմանալը»։

Այդ և այդպիսի երևոյթների պատահեց Շանշեանը եւ միւս ուսուցիչների դասերին։ Ուստի և այն եզրակացութեան եկաւ, որ Ներսէսեան դպրոցի ծրագիրը, ծրագրից էլ աւելի ուսուցչական խումբը ոչ թէ անպէտք, այլ ուղղակի վնասակար են։ Եւ առանց ժամավաճառ լինելու ձեռնարկեց դպրոցը բարձրացնելու։