Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/175

Այս էջը սրբագրված է

վաստակների արդիւնքի վրայ մատնանիշ են լինում ի դէմս մի քանի լաւ աշակերտների։ Դրանք բացառութիւններ են, իսկ լաւ դաստիարակութիւնը բացառութիւններով չէ հիմնաւորւում։ Ուստի առանց պարսաւելու ում և իցէ, որ արել են այն, ինչ որ կարողացել են, ես գալիս եմ քննողական ընտրութեամբ յայտնելու իմ կարծիքը թէ՝ դաստիարակութիւնն ու կրթութիւնը պէտք է լինեն առաջին և ամենավսեմ պարտականութիւնը մարդու համար, կառավարութեան համար, ազգի համար։ Իսկ ընդհակառակը՝ մոլորութեան տիրապետութեամբ մարդն աւելի և աւելի է հեռանում իսպառ ճշմարիտ լոյսից, և անկրթութիւնը անթափանցելի խաւարով ծածկում է Աստուծոյ գործերը և մարդկային բնութիւնը»։

6.

«Մարդու կրթութեան հիմքը, շարունակում Է Շանշեանը, պէտք է կազմեն կարևոր և էական գիտութիւններ, որոնք ամեն ժամանակի և ամեն վիճակի համար էլ կարևոր են։ Էական գիտութիւնները իրենց մէջ պարունակում են այն ամենը, որ ամեն մարդու էլ կարևոր է գիտենալ անշուշտ և գործադրել, որպէս զի իր արժանաւորութիւնը պահպանած լինելով, դժբախտ չը մնայ։

Այդպիսի գիտութիւնները սրանք են։

Նախ՝ կրօնը, որով պէտք է սկսել, շարունակել և աւարտել մարդու կրթութիւնը, որովհետև մարդն Աստծուց է, Աստուծով է և Աստուծոյ համար է։

Երկրորդ՝ բարոյագիտութիւնը, որ մարդուն ճանաչեցնում է իր անձին և ուրիշներին։ Բարոյագիտութիւնը մեզ սովորեցնում է մեր այն պարտաւորութիւնը, որ ունենք դէպի Աստուած, դէպի մարդը, դէպի հայրենիքը, դէպի եկեղեցին և դէպի ժողովուրդը։ Եւ ահա հէնց այս պարտաւորութիւնն է, որ ընկերական եւ հասարակական կեանքի խարիսխն է կազմում։

Երրորդ՝ բնագիտութիւն, որով աշխարհի կազմն իմանում ենք և որ Պօղոս առաքեալի գեղեցիկ ասութեան համաձայն՝ Աստուածաշնչից յետոյ երկրորդ գիրքն է, որի մէջ ակներև տեսնւում են Աստուծոյ մեծութիւնը, ամենակարողութիւնը և նախախնամութիւնը, որովհետև նրանով ենք տեսնում մեզ համար Աստուծոյ աներևոյթները, այն է՝ մշտնջենաւորութիւն, և զօրութիւն, և աստուածութիւն։

Բնագիտութեան հետ հարկաւոր է անշուշտ սովորել և մարդու կազմութիւնը, այսինքն իմանալ այն ամենը, որից կախուած է մարդու առողջութիւնը, իսկ մարմինն ամուր և անբիծ պահելով, մարդս առողջ և զուարթ պահպանած կը լինի նաև հոգին, ինչպէս որ նախնի իմաստասէրներից մէկն ասել է թէ՝ «առողջ հոգին առողջ մարմնի մէջ»։

Մարդը աշխարհ է եկել իր հոգին ազնուացնելու և կատարելագործելու համար, իր պարտաւորութիւնները կատարելու և կեանքը որոնելու համար, կեանք, որի անանց և խաղաղ յոյսը Բարձրելոյն աջով մարդկանց մէջ տպաւորուելով, մարդկային ընկերականութիւնը քաղցրացնում է և մարդկանց սրտերը անմահութեան սիրով պարարում։ Դրա համար էլ Տիրոջ աւանդած առաջին պատուիրանն է՝ սիրել Աստծուն և ծառայել Նրան