Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/177

Այս էջը սրբագրված է

մտաց։ Մանկունք սիրեն առհասարակ, զի այլք խորհեսցին ընդ նոսա և այս բանայ զնոցայն աշխոյժ՝ լինել մեծ։ Ապա ուրեմն դիւրին է յոյժ զերեխայական թերութիւնսն և զանկարգութիւնս՝ հանճարաւոր և զգալի եղանակաւ ուղղել, և պատիժք պարտին լինել ոչ ներգործութիւնք ֆիզիքականք, այլ բարոյականք»։

Շանշեանի ինչպէս վարժարանների այս ծրագրին, նմանապէս և Ներսէսեան դպրոցի ծրագրին չը վիճակուեց իրականանալ, որովհետև նրա տեսչութիւնը հազիւ երկու ամիս տևեց, որից յետոյ նա ինքն իր կամքով թողեց դպրոցն ու Թիֆլիսը եւ վերադարձաւ Պետրոգրադ։ Պատճառն այս էր։

8.

Ներսէսեան դպրոցի համար իր ծրագիրը Ներսէս կաթողիկոսին և հոգաբարձութեանը ներկայացնելով, Շանշեանը պահանջում էր բաժանել տեսչի և հոգաբարձութեան պարտաւորութիւնները. տեսչին յանձնել ուսումնական մասը՝ նոր ծրագրի պատրաստութիւնը, առարկաների բաշխումը, դասագրքերի ընտրութիւնը, ուսուցիչների փոփոխութիւնը, աշակերտների ընդունելութիւնն ու արձակումը, բարոյական հսկողութիւն ուսուցիչների և աշակերտների վրայ և այլն։ Իսկ հոգաբարձութեանը թողնել նիւթական կամ տնտեսական մասը՝ կալուածների և հասոյթների վերահսկողութիւն, դպրոցական ծախքերի մատակարարութիւն, կանոնաւոր հաշուապահութիւն և այլն։

Տեսուչն ու հոգաբարձութիւնը իրանց պարտքի կատարման համար պատասխանատու լինելով, հարկը պահանջած ժամանակ դարձեալ կարող են միասին ժողով կազմել և խորհրդակցել կարևոր դատուած խնդիրների նկատմամբ։

Շանշեանի այս պահանջը չանցաւ։

Սաստիկ ընդդիմութիւն ցոյց տուին նամանաւանդ հոգաբարձուները, որոնք ուզում էին միշտ և անպատճառ իրաւունք ունենալ ուսուցիչների ընտրութեան և փոփոխութեան մէջ։

Կաթողիկոսը չէր կամենում հոգաբարձուներին վշտացնել և թերևս նրանց հեռանալու և ժողովրդի մէջ տարաձայնութիւններ առաջացնելու առիթ տալ, բայց միւս կողմից չէր ուզում բաժանուել Շանշեանից, ուստի վերջինիս առաջարկեց իր մտադրութիւնից գէթ առ ժամանակ մի յետ կանգնել, և տարեկան փոխանակ սակարկուած 500 րուբլուն 1000 րուբլի ռոճիկ ստանալ եւ շարունակել իր պաշտօնը առանց խոշոր փոփոխութեան։

Ներսէս Ե. կարծում էր, որ Շանշեանը փողի համար կը թողնէ իր սկզբունքը, համոզմունքը։ Բայց կաթողիկոսը չարաչար սխալուեց։

Առանց այլ ևս որևէ կերպ և ումևէ հետ բանակցելու Պետրոս Շանշեանը հրաժարական տուեց ու հեռացաւ։

9.

Ինկատի առնելով, որ Շանշեանը Ներսէսեան դպրոցի տեսուչ էր հրաւիրուած Աղաթոն Հաքիմեանի խորհրդովն ու առաջարկութեամբը, Ներսէս կաթողիկոսը նրան գրած կոնդակում (1850 փետր. 24 №-47) գանգատւում