Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/183

Այս էջը սրբագրված է

ինչպէս Թիֆլիսի հայ ժողովուրդը խումբ խումբ այն եկեղեցին էր թափւում, ուր քարոզում էին Ներսէսեան դպրոցի աշակերտները։

Այս սովորութիւնը շարունակուեց մինչև Ներսէս կաթողիկոսի մահը[1])։ Եւ այդ սովորութիւնը մեծապէս կապեց ժողովրդին դպրոցի հետ, որի աշակերտների թիւն էլ սկսեց հետզհետէ շատանալ, արդիւնքներն էլ աւելանալ, անունն էլ տարածուել և համակրողների մեծ թիւ գրաւել դէպի ինքը։ Այդ համակրողների թւում կային նաև վրացի մի քանի ազնուականներ՝ Շանշեանի և կաթողիկոսի անձնական բարեկամները։

14․

Ներսէսեան դպրոցի ծրագրի նախաբանից մենք տեսանք, թէ Շանշեանն ինչ մեծ նշանակութիւն էր տալիս աշակերտների մարմնական առողջութեանը։ Այդ պատճառով նա ինքն էլ յաճախ մասնակցում էր վերակացուների հետ դասամիջոցներին թոյլատրուած աշակերտական խաղերին դպրոցի գաւթում։ Նա ինքը վերակացուների հետ գարնանն առաջնորդում էր նրանց դէպի դաշտային զբօսանք[2]), դէպի Թածմինդայի սարահարթը, որի բարձունքից ամբողջ Թիֆլիսը պատկերանում էր իր բոլոր գեղեցկութեամբ, իր Քուռ գետով, որ քաղաքը երկու մասի է բաժանում։

Թածմինդայի սարահարթից փոքր ինչ հեռու վրացական մի գիւղ կայ, որի բնակիչների համար Շանշեանը մի պաշտելի անձնաւորութիւն էր։ Ամեն անգամ, երբ գիւղացիք տեսնում էին աշակերտներին իրենց տեսչի ու վերակացուների հետ զբօսնելիս սարահարթում, իսկոյն միմեանց իմաց տալով, բերում էին հաց, պանիր, մածուն, կարագ և հիւրասիրում։

Աշակերտների համար, որոնց մեծ մասը, մասնաւորապէս գիշերօթիկները, գիւղացիներ էին, գիւղացիների այդ նուէրները ցնծութեան և խրախճանքի պատճառ էին դաոնում։

Եւ մինչդեռ աշակերտները նախաճաշելուց յետոյ կրկին իրենց խաղերին էին անձնատուր լինում։ Շանշեանը երկար-բարակ խօսում էր գիւղացիների հետ վրացերէն և խօսեցնում նրանց իրենց առօրեայ կենցաղավարութեան ու տնտեսական վիճակի մասին։ Ապա առատօրէն վարձատրելով գիւղացիներին, աշակերտների հետ քաղաք էր իջնում։

Ամառը, երբ դպրոցում գիշերօթիկներն էին մնում, Շանշեանը և վերակացուն աշակերտների հետ գնում էին Քուռ գետը լողանալու։

Շանշեանն ինքը քաջ լուղորդ էր։ Եւ մինչդեռ աշակերտները գետափի որոշուած տեղից այն կողմն անց կենալու իրաւունք չունէին, տեսուչը գնում, մտնում էր խոր և արագահոս տեղերն ու լող տալու այլևայլ եղանակներ ցոյց տալիս աշակերտներին և սովորեցնում նրանց։

Երբ ինքը լողանալ չէր ուզում աշակերտների և վերակացուների հետ, գնում էր և Վորոնցովի կամուրջի վրայ կանգնած հսկում։

  1. Ա. Երիցեանի ասութեամբ՝ Ստ. Նազարեանցն էլ մի քանի անգամ Հաւլաբարի եկեղեցում քարոզ է խօսել։ Ուրեմն այդ սովորութիւնը Շանշեանից առաջ էլ եղել է Ալամգարեանի ժամանակ։
  2. Դէպի Վերայի կանաչազարդ հովիտը։