Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/188

Այս էջը սրբագրված է

Եւ իր այդ ուղղութեան շնորհիւ Շանշեանը այն աստիճան գրաւեց թէ իր աշակերտներին և նրանց ծնողներին և թէ Շուշու ամբողջ հասարակութիւնը, որ ըստ նահապետական սովորութեան յաճախ հրաւիրում էին Շանշեանին ուսուցչական խմբով հացկերոյթների և հարսանեկան հանդէսների։ Եւ Շանշեանը չէր մերժում։ Այդ հրաւէրներն ամենալաւ առիթ էին ընծայում Շանշեանին և ժողովրդին փոխադարձ ծանօթութեան համար։ Շատ չանցած ժողովուրդն արդէն նրա մասին մի այսպիսի գաղափար էր կազմել, թէ «այդ մարդը միս ու ոսկոր չունի, այլ հոգի է»։

Տղայոց դպրոցը բարեկարգ վիճակի մէջ դնելուց յետոյ Շանշեանը ձեռնարկեց օրիորդաց դպրոց բանալու Շուշում։ Եւ որովհետև նրա ազդեցութիւնը ժողովրդի վրայ շատ հզօր էր, ուստի իր կնոջը տակաւին ծածկոյթի տակ պահող ղարաբաղցին, իր աղջիկն իր ընտանեկան սեմից չը հեռացնող ղարաբաղցին, ուսումը կանանց համար վնասակար համարող ղարաբաղցին առանց տրտունջի և դժգոհութեան հպատակուեց Շանշեանի աւետարանահնչիւն ձայնին, կնոջ կոչումն բացատրող ու բարձրացնող նրա բարբառին։

Իր ժամանակին յայտնի և ընտիր գործիչ Համբարձում աղա Հախումեանը և իր Մարիամ կինը, որ Մելիք Շահնազարի աղջիկն էր, իրենց ընդարձակ տունը դնում են Շանշեանի և բացուելիք դպրոցի խնամակալուհիների տրամադրութեան տակ։ Ժամանակի առաջնորդ Ստեփաննոս արքեպիսկոպոսը երկու աղքատ աղջիկ իրեն որդեգիր է վերցնում, նրա օրինակին հետևում են չուշեցի 40 տիկիններ, իւրաքանչիւրը մի մի որդեգիր վերցնելով։ Եւ ս․ Աստուածածնի Աւետման տօնին Շուղում բացւում է Մարիամեական անդրանիկ օրիորդաց դպրոցը։

Բացման հանդէսին Շանշեանը մի գեղեցիկ ճառ խօսեց, որ վերջանում է հետևեալ խօսքերով.

«Տիկնայք, դուք որ պատճառ էք կանանց լուսաւորութեան այս մեծ գործին, դուք, որ այսպէս համեստութեամբ սկսաք այսքան նշանաւոր գործը, կըզգաք արդեօք, որ դուք կուտաք ազգին նոր հոգևոր կեանք, այն ազգին, որ անշուշտ անջինջ կը պահպանէ իր սրտի խորոց մէջ ձեր անուններըն ու յիշատակը։ Վասն գի Աստուածածնի Աւետման այս մեծ աւուր մէջ աւետեցիք հայրենի երկրին՝ Ղարաբաղին և Հայաստանին, թէ այս օրէն բացուած է հայ աղջկանց համար ճանապարհ լուսաւորութեան, որ կը տանի առ Աստուած, առ Ազգն և առ ապագայ կեանքն, ցոյց կը տայ կենաց նպատակն և դէպի նոյն նպատակն դիմելու անմոլար ուղին»։

«Տիկնայք, դուք ևս օրհնեալ լինիք այս օրէն կանանց մէջ։ Այս օրէն Տէրն ձեզ հետ է լուսոյ և ճշմարտութեան ճանապարհի վրայ, ուր ցանկացաք դուք հրաւիրել այս փոքրիկ աղջիկները և որ պէտք է տանի նրանց առ մարդասէր Փրկիչն, որ իւր քաղցր ձայնով տասնեութ դար է կը կոչէ մանուկներին, ասելով՝ «Թոյլ տուք մանկտւոյդ և մի արգելուք զգոսա գալ առ իս, զի այդպիսեացդ է արքայութիւն երկնից»։

«Սրբազան հայր, դուք, որ արթուն և անդադար ջանքով կաշխատիք մեր լուսաւորութեան համար, դուք, որ առաջին անգամ օրհնեցիք այս լուսաւորութեան գործը, ընդունելով զայն ձեր հովանաւորութեան տակ, դուք նոյնպէս առաջին անգամ բացիք լուսաւորութեան ճանապարհ խղճալի որբոց