Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/189

Այս էջը սրբագրված է

Համար, զորս այնքան սիրեց մեր Վարդապետն, որ զինքն ներկայացուցիչներ ընտրեց երկրիս վրայ, դուք ևս երկու որբ աղջիկներ որդեգիր ընտրեցիք յանուն ձեր Վարդապետին, որ ասաց՝ «որ ոք ընկալցի մանուկ մի այսպիսի յանուն իմ, զիս ընդունի»։

«Քոյրեր, ձեր առաջ բացուած է այսօր նոյն ճանապարհ լուսաւորութեան, որ պիտի առաջնորդէ ձեզ ձեր պարտաւորութիւնը ճանաչել և ձեր սիրտն ու միտքը դարձնել այս օրէն առ Աստուած, առ ազգն և առ ճշմարիտ կեանքն, որոյ լոյսն խաղաղ է և անանց։ Դուք պարտիք ձեր աչաց առջև ունենալ այն բարեպաշտ կանանց պատկերներն, որոց Համար Փրկիչն ասաւ՝ «Մարթա, Մարթա, դու հոգաս և գբազում իւիք զբաղեալ ես, բայց սակաւ ինչ պիտոյ է. Մարիամ մասն բարի ընտրեաց, որոշ բարձցի ի նմանէ»։

21.

Օրիորդաց դպրոցի բացմամբ Շանշեանի գործն աւելի ծանրանում էր, ուստի նա իրեն Համար օգնական Հրաւիրեց Թիֆլիսից իր նախկին աշակերտ Գարեգին (վերջերում Մելիքսեդեկ եպիսկոպոս) Մուրադեանին, որ Ներսէսեան դպրոցում տեսչի պաշտօնակատար էր այդ միջոցին։

Բովանդակ Ղարաբաղը ցնծում էր, և նրա դպրոցների համբաւը հռչակւում էր ամբողջ Կովկասում։ Շանշեանը ոչ միայն ուսուցչական մարմնի Հոգին էր, այլ և շուշեցիների ամենից սիրելի անձնաւորութիւնը իր ներշնչած պատկառանքով, իր առաքինի կեանքով, իր եկեղեցասիրութեամբ։

Ժողովուրդը զարմանալով զարմանում էր նրա վրայ և գովելուց չէր կշտանում, տեսնելով, որ Շանշեանը, չը նայած իր ազնուական կոչման, իր ստացած բարձրագոյն ուսման, փափկակեաց չէ, անձնասէր չէ, իրանցից աւելի քաջասիրտ է, իրանցից աւելի վարժ ոտքով ման գալու, զբօսանքներ կատարելու, ձի Հեծնելու։

Այդ էր պատճառը, որ ամեն ոք ժողովրդականներից ջանադիր էր և ձեռքից եկածը չէր խնայում որևէ կերպով աջակցելու ուսումնարանների յառաջադիմութեանը թէ նիւթապէս և թէ բարոյապէս։

Ժողովրդի այդ ընդհանուր ոգևորութեան և պատրաստականութեան շրջանումն էր, որ համբաւաւոր նկարիչ Ներսէս Ներսէսեանցը շաբթէնը երկու անգամ Խանքէնդից (Շուշուց 2 ժամուայ ճանապարհ հեռու) ոտքով գալիս էր Շուշի և ձրիաբար գծագրութիւն էր ուսուցանում աշակերտուհիներին, և որպէսզի աւելորդ ծախս չանէ դպրոցը, Ներսէսեանցը ձեռագործական օրինակներն իսկ ինքն էր գծագրում իրենց երկրի բնական ծաղիկներից, ծառերից, տերևներից և կամ գեղեցիկ տեսարաններից։

Ափսոս միայն, հազար ափսոս, որ շուշեցիներին և նրանց դպրոցներին չը վիճակուեց գոնէ մի քանի տարի պահել Շանշեանին։ Եւ վերջինս, ի մեծ վիշտ իր սրտին ևս, ստիպուած եղաւ Շուշուց հեռանալ, ինչպէս մի քանի տարի առաջ հեռացել էր Թիֆլիսից Ներսէսեան դպրոցից։ Շանշեանի հեռանալով ցրուեց իՀարկէ նրա կազմած ուսուցչական խումբը։ Եւ այսպիսով, կարծես չարութեան և Հալածասիրութեան ոգին մի անգամ ևս Հասաւ իր նենգաւոր նպատակին. «հարից զհովիւն, և ցրուեսցին ոչխարք հօտին»։