Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/200

Այս էջը սրբագրված է

համար։ Ամեն մի մարմին, օրինակ, տարբեր է երևում տարբեր լոյսի տակ. տարբեր տարածութեան մէջ նա ներկայացնում է տեսողութեան տարբեր պատկեր, իսկ տաքութեան ամեն մի աստիճանի տակ տարբեր տպաւորութիւն է ստանում նրանից շօշափելիքը և այլն։[1]) Մի այլ օրինակ։ Վերցնենք վարդի թերթիկը։ Մակերեսային դիտողին թւում Է, թԷ վարդի կարմիր գոյնը անփոփոխ է, ինչ պայմանների մէջ էլ լինի վարդը։ Բայց այդ իրապէս մի սխալանք է, մի պատրանք ։ Եթէ մենք վարդի թերթիկը լուսաւորենք կապոյտ լոյսով, այն ժամանակ նա իսկոյն կը կորցնի իր կարմիր գոյնը։ Յետոյ վարդի գեղեցիկ, դիւրեկան հոտը կորչում է իսկոյն, հէնց որ մենք սառեցնում ենք վարդը։ Իբր ուրեմն միայն մի յարաբերական միութիւն է, բայց երբէք բացարձակ, հաստատուն՝ նման որպիսութիւնների։ Յետոյ, վարդը «հոտ Է արձակում» միայն մեր հոտոտելիքի համար․ շաքարը «քաղցր» է միայն մեր լեզուի համար։ Այսպիսով իրերը գտնւում են մշտապէս փոխադարձ յարաբերութեան մեջ, թէ իրար և թէ մեր վերաբերմամբ։ Շարունակենք օրինակների շարքը Մախի այս հիմնական միտքը աւելի պարզ և ըմբռնելի դարձնելու համար։ Իմ սեղանը մերթ աւելի, մերթ պակաս է լուսաւորւում, կարող է աւելի տաք և աւելի սառը լինել։ Նա կարող է թանաքի բիծ ընդունել։ Նրա մի ոտը կարող է կոտրուել և այլն[2])։ Թէև այսպէս փոփոխւում է սեղանը, բայց դարձեալ սեղանը մնում է մեզ համար սեղան։ Դա յարաբերական անփոփոխն է, հաստատունը։

Իրի նման «ես»–ն Էլ ենթակայ Է յաւիտենական փոփոխութեան։ Այստեղ միայն մեծ դեր է խաղում կոնտինուիտետը, յաջորդական և աստիճանական փոփոխութեան սկզբունքը։ Այդ բանը ցայտուն կը դառնայ մեզ համար, եթէ մենք համեմատենք մարդու մանկութիւնը, երիտասարդութիւնր և ծերութիւնը։ Անկասկած այստեղ որպիսութիւնների որոշ գումար մնում է անփոփոխ և հաստատուն։ Հոգեբանական անալիզն արդեն ցոյց է տալիս, որ մարդկային ես-ը աճում և հարստանում է։ Ես֊ը Մախի համար մի հաստատուն դրութիւն է, յարաբերական հաստատուն։ Ես-ը գումարն է բոլոր ապրումների և աղբիւրր՝ ամբողջ գործունէութեան։ Տարրերը այս կէտում ես-ի մէջ աւելի սեղմ են և ուժեղ, աւելի սերտ և հաստատուն են կապուած, քան որևէ այլ տեղ։

Մերժելով ուրեմն բացարձակ մնայունը, Մախը ընդունում է յարաբերական հաստատունը։ Նա ճանաչում է յատկապէս տարրերի կապակցումների, մշտական յարաբերութիւնների կայունութիւնը։ Մախի համաշխարհային տարրերը ենթակայ չեն «բացարձակ հոսման»։ Ըստ Մախի հէնց տարրերի այս բազմապիսի, համեմատական հաստատուն յարաբերութիւնների հետազօտութիւնը կազմում է բնագիտութեան, ինչպես և ամեն մի գիտութեան առարկան։

Այժմ մեր առաջ դրուած է Մախեան աշխարհի պատկերը, նրա տարրերի ուսմունքը։ Արդէն ասել եմ, որ այստեղ վճռական դեր է խաղացել զգայարանքների ֆիզիոլոգիան, որին նուիրուել է Մախը դեռ երիտասարդ հասակից։ Ահա թէ ինչ է հաղորդում նա այդ մասին։

  1. Die Prinzipien d. Wärmelehre, էջ 423․
  2. Analyse... 2.