Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/202

Այս էջը սրբագրված է

յատկանշական Մախի փիլիսոփայութեան Համար։ Մտքերի յարմարուելը իրերին, փաստերին՝ ահա էականը գիտութեան ծագման տեսակէտից։ Եւ այդ յարմարման գործողութեան շնորհիւ ծագում է գիտութիւնը։ Ըստ Մախի իմացութիւնը յարմարման մի ակտ է, մտքերի յարմարման՝ փաստերին։ Եւ սրա մէջ է տեսնում Մախը բնագիտական աշխատանքի նպատակը[1]

Իսկ գիտութեան դերը և գործը կայանում է փաստերի նկարագրութեան, աւելի որոշ՝ տարրերի և տարրերի խմբակցութիւնների փոխադարձ յարաբերութիւնների, կախումների հետազօտութեան մէջ։ Մի դրութիւն է այս, որ անմիջական և տրամաբանական հետևութիւն է Մախի տարրերի ուսմունքից։ «Եւ եթէ մենք տարրերի, միատեսակ տարրերի այս կախումները գիտութեան միակ առարկան դիտենք, այն ժամանակ կարող ենք ստանալ մի ամբողջական մոնիստական չէնք և ազատուել տաղտուկ ու շփոթ դուալիզմից», ասում է Մախր։ Բայց գիտութիւնը, այդ ևս տրամաբանական հետևութիւն է, դիտելու է բոլոր իրերը իրենց լինելութեան, յարաճուն փոփոխման գործողութեան մէջ։ Գիտենք, որ չը կայ քարացած, անփոփոխ դրութիւն տարրերի համաշխարհում։

Մախի իմացութեան, գիտութեան ըմբռնումի համար բնորոշ է նոյնպէս գործնական գիծը։ Նա գիտութեանը տալիս է խոշոր չափով գործնական նշանակութիւն։ Գիտութիւնը նա դիտում է որպէս կեանքի պահպանման մի գործօն։ Կեանքին ծառայելու համար մտքերը յարմարւում են փաստերին․ միւս կողմից մտքերը իրար վերաբերմամբ հաւասարակշիռ դրութեան մէջ են դրւում, ասում է նա։

Մախի՝ գիտութեան, առհասարակ փիլիսոփայական ըմբռնողութեան համար յատկանշական է նաև կենսաբանական գիծը։ XIX դարի երկրորդ յիսնամեակի համար ընդհանրապէս բնորոշ է այդ կողմը։ Նոյնը և մեր օրերի համար։ Կենսաբանութիւնը խորունկ նուաճումներ արաւ այդ ժամանակ, անում է և այժմ։ «Գիտութիւնը, ասում է Մախը, կղզիացած չէ ամենօրեայ կեանքից. գիտութիւնը կեանքի մի փթթումն է[2]) և հետևապէս ազդւում է կեանքի հայեցողութիւններից[3])։ Մտքերը, նկատում է նա մի փոքր յետոյ, կղզիացած, բաժան էութիւններ չեն։ Մտքերը օրգանական կեանքի արտայայտութիւններ են[4])» Բայց չը մտնենք մանրամասնութիւնների մէջ, որովհետև Մախի ըմբռնողութեան այս կողմին կը վերադառնանք յետոյ, երբ կը տանք նրա հասարակագիտական հայեցակէտների վերլուծումը։

Մախի գիտութեան ըմբռնման հետ սերտօրէն կապուած է նոյնպէս մի կարևոր սկզբունք։ Մտքի կամ գիտութեան տնտեսութեան սկզբունքն է այդ։ Մտածողութիւնը մի աշխատանք է, հետևապէս այս աշխատանքը պէտք է խնայողութեամբ կատարել։ Գիտութիւնր միշտ էլ պէտք է իր գործելակերպը ուղղէ խնայողութեան։ Մեր ամբողջ իմացութիւնը ոչ այլ ինչ է, բայց եթէ ըստ տնտեսական օրէնքի կարգաւորուած գործ։

Բայց ինչու՞մն է կայանում այս պահանջի, տնտեսութեան սկզբունքի էութիւնը, և ինչու՞ տնտեսել։

  1. Analyse... էջ 258.
  2. Analyse էջ 255
  3. Wärmelehre էջ 371
  4. Wärmelehre էջ 382