Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/230

Այս էջը սրբագրված է

հանդէպ, վստահացնելով, որ հայերը ամենայն հաւատարմութեամբ կը կատարեն իրենց քաղաքացիական պարտականութիւնները։ Աւելին. որոշ գաւառներում դաշնակցական մարմինները ձեռնամուխ եղան անդամ կռուելու դասալիքների (դեզերտիրների) դէմ, երբեմն յանձնելով նրանց նոյնիսկ թիւրք զինուորական իշխանութիւններին։

Այս բոլորը սակայն չը գոհացրեց Օսմանեան կառավարութեանը։ Վերջինս պահանջեց Թիւրքիայի մէջ գործող դաշնակցական շեֆերից ճնշում գործ դնել կովկասեան դաշնակցականների վրայ և ցրել տալ թիւրք զօրքի դէմ կռուող կամաւորական խմբերը։ Տաճկահայ դաշնակցականները հրաժարուեցին կատարել երիտասարդ թիւրքերի այս պահանջը, իրենց ոյժից և ձեռնահասութիւնից վեր համարելով այդ։ Մանաւանդ որ նրանք մինչ այդ ինքնաբերաբար մի անյաջող փորձ արդէն արել էին ազդելու համար իրենց կովկասեան ընկերների վրայ այդ ուղղութեամբ։

Այսպիսի պայմանների մէջ 1914 թ. դեկտեմբեր ամսին Օսմանեան բանակը, իրեն գլուխ ունենալով հռչակաւոր էնվեր փաշային, սկսեց իր յայտնի արշաւանքը դէպի կովկասեան սահմանները։ Արդուինի, Օլթիի և Սարիղամիշի ուղղութեամբ ներս խուժելով Կովկաս, թիւրք զօրքերը սկզբում ունեցան բաւական շօշափելի յաջողութիւններ և գրաւեցին ամբողջ սահմանագծի վրայ ռուսական մի շարք կարևոր կէտեր ու շրջաններ։ Եղաւ մի վայրկեան, երբ Կովկասի մայրաքաղաքը նոյնիսկ թիւրքական վտանգի տակ ընկաւ։ Վտանգուած վայրերի հայութիւնը ենթարկուեց անօրինակ խուճապի և փախուստի, իսկ գրաւուած վայրերի հայութիւնը՝ կոտորածի ու թալանի։

Շուտով սակայն գեներալ Իւդենիչի քաջարի զօրքերը էնվեր փաշայի արշաւող բանակին հասցրին մի այնպիսի ջախջախիչ հարուած, որ կատատրոֆայի բնաւորութիւն ունէր թիւրքական մեծ նուաճողական ծրագիրների համար։ Ինքը էնվեր փաշան հազիւ հազ կարողացաւ իր գլուխը փրկել, սարսափահար փախչելով մինչև Պոլիս։

Կովկասեան սահմաններում էնվեր փաշան առիթ ունեցաւ անշուշտ աւելի մօտէն ծանօթանւսլու կովկասեան բոլոր ժողովուրդների քաղաքական տրամադրութեանց հետ։ Առանձնապէս հայերի դէպի թիւրքերն ունեցած տրամադրութիւնների մասին բաւականին հրահանգիչ գաղափար կարող էր տալ վտանգուած վայրերի հայ ազգաբնակութեան սարսափահար փախուստը։

Իր մեծադղորդ արշաւանքի կատարեալ վիժումը և այդ արշաւանքի ժամանակ կովկասեան հայերի յայտնաբերած մոլեգին հաւատարմութիւնը Ռուսաստանին, թւում է, շատ զդալի չափով դրդեցին թիւրքերին շտապելու իրագործել հայ ժողովրդի բնաջնջման կանխամտածուած հրէշային ծրագիրը:

Այդ ծրագրի իրագործման հրամայական, անյետաձգելի անհրաժեշտութիւնը ապացուցելու համար էնվեր փաշան, ինչպէս հաղորդում են հաւաստի աղբիւրներից, չի քաշուել դիմելու նոյնիսկ մի ցինիկ ստի օգնութեան, յայտարարելով բացարձակապէս, որ իբր թէ իր կովկասեան արշաւանքի