անյաջողութեան միակ պատճառը Հայերն են եղած, որ իբր թէ իր բանակի դէմ կռուողները միմիայն Հայերն են եղած...
⁂
1915 թ. Հայկական մեծ կոտորածը, որին զոհ գնաց բուն Հայաստանի ազգաբնակութեան, ըստ երևոյթին, մեծագոյն մասը, մեր մատնանշած շարժառիթներից զատ ունէր անկասկած նաև աւելի օբյեկտիւ պատճառներ։ Այդ պատճառները պէտք է փնտրել Հայ-թիւրքական և ռուս-գերմանական շահերի խորը և տևական հակամարտութեան մէջ:
Հայ-թիւրքական հակամարտութիւնը կայանում է նրանում, որ հայութիւնը իր աշխարհագրական դիրքով ու ազգային ձգտումներով արգելք է հանդիսանում երիտասարդ թիւրքերի համաթիւրքական կամ համիսլամական ձգտումների իրականացման, մի արգելք, որ հետզհետէ աճում է և զօրանում։ Մերձաւոր Արևելքի ահագին տարածութեան վրայ ընկած մահմեդական զանգուածի սրտի մէջ ցցուած է հայ ժողովուրգը՝ մի ոյժ, որ ներքնապես տարրալուծում, կաշկանդում է տարբեր սահմանների մէջ ապրող թիւրքական հատուածների միացման գործը։ Հետևաբար եթէ հայերը ուժեղանային և քաղաքական ինքնուրոյն գարգացման պայմաններ ստեղծէին,այդ պիտի նշանակէր թիւրքերի համար թոյլ տալ, որ հայերը կանգնեցնեին մի հաստատուն պատնէշ, որ կարող է առմիշտ բաժանել իրարից թիւրքութեան զանազան մասերը։
Ռուս-գերմանական հակամարտութիւնը հայկական հարցում արտայայտւում է նրանում, որ Թիւրքահայաստանի մէջ ապրող հայութիւնը վերոյիշեալ պայմանների շնորհիւ անխուսափելիօրէն դատապարտուած է իւր փրկութիւնը հիւսիսից սպասելու։ Նրա մօտիկութիւնը Ռուսական սահմանին ոչ միայն զգալիօրէն տկարացնում է թիւրքիայի դիմադրական կարողութիւնը, այլ և Գերմանական տեսակէտով վտանգաւոր առիթ ծառայում ռուսների համար միջամտելու Օսմանեան պետութեան ներքին գործերին,խանգարելով թիւրքիայի քաղաքական ամրապնդման։ Լինելով կենտրոնախոյս մի ոյժ իրենց պատմական հայրենիքի հողի վրայ, այդ հողից հեռու Թիւրքիայի այլ կողմերում հայերը սակայն կարող էին դառնալ պետութեան վերակենդանութեան համար չափազանց օգտակար մի տարր։
Այս նկատառումները դրդեցին հռչակաւոր գերմանական զօրավար և քաղաքագէտ Ֆոն դեր-Հոլց փաշային դեռ 1913 թ., հայկական ռեֆորմների քննութեան պահուն, առաջարկելու գերման ղեկավար շրջաններին հայկական հարցը լուծելու մի դիւային միջոց՝ բռնի կերպով փոխագրել բոլոր հայերին հայկական նահանգներից դէպի Բաղդադի երկաթուղու գիծը և բնակեցնել նրանց այդ գծի երկու կողմի ամբողջ երկայնութեամբ։
Այսպիսով թէ թիւրքերի և թէ գերմանացիների քաղաքական շահերը միաբերան պահանջում էին չեզոքացնել, կասեցնել հայկական վտանգը առնուազը հայերի զանգուածային բռնի տեղափոխումով դէպի Հայաստանից հեռաւոր վայրեր:
Երբ սկսուեց պատերազմը և թիւրքերի ու գերմանացիների համար վերջնականապես պարզուեց հայերի անդիմադրելի մղումը դէպի ռուսները