Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/286

Այս էջը սրբագրված է

Դղրդում էին իրանց պողպատէ կամարներով,
Եւ թնդանօթների անվերջ կրակը,
Որպէս մրրիկ, գիշեր ու ցերեկ
Մռնչում էր նրանց գլխին վայրագօրէն։
Խրամատներում հողաշէն վահանի ետև
Զինուորները անխօս սեղմում էին միմեանց։
Քաղաքից երեխայք գալիս էին այդտեղ,
Հաց և գարեջուր էին բերում,
Կամ մանկական պարզութեամբ պատմում
Այնպիսի քաջութիւնների մասին,
Որոնց նմանը չի եղել այն օրից դէս,
Ինչ մարտիկները ընկնում են ռազմի դաշտում
Հայրենիքի ու պատուի սիրոյ համար։
Մահաշունչ կռիւների այդ պահուն
Ամբողջ քաղաքը ապրում էր
Մի կախարդական, մրրկային կեանքով,
Ու ոգևորուած հերոսների անվեհերութեամբ՝
Վառօդի ծուխն էր շնչում անվրդով։
Գերմարդկային, յայտնի չէր ուսկից,
Հիացումը թափանցել էր սրտերը մարդկանց,
Ընդհանուր վեհութեան մէջ
Ամեն մէկը դարձել էր վեհանձն,
Եւ ամենքը վերածնուել էին կարծես հրաշքով,
Օ՛, ապագայ օրերի աշխարհ, թո՛ղ այս պատերազմը
Աւերի մեր հայրենի երկիրն աննման,
Բայց երբէք, քանի երկնակամարին
Նոյն աստղերն են փայլում այսօրուայ նման,
Դո՛ւ չես մոռանայ ա՛յն հերոսներին,
Որոնք յանուն մարդկութեան և հայրենիքի
Ընկան Լիէժում։


Բրիւսսելի համայնական խորհուրդը որոշել է պատերազմից յետոյ արձան կանգնեցնել Վերհարնին։

Բելգիայի ազգային բանաստեղծի գերեզմանն արժանի է միջազգային ուխտատեղի դառնալու։

Գ.