անձի, մարմնի և կամքի վրայ։ Հանգստութիւնը, խաղաղութիւնը մահ է. իսկ Օհան Գուրգէնը յաւիտենականին է ձգտում, որ մշտնջենական շարժման, անդադար, անվերջ մղումի մէջ է դէպի առաջ և դէպի վեր։
Պէտք է խոստովանել, որ Օհան Գուրգէնի դէմքը ներկայացուած չէ այնքան հիւթալից, պատկերաւոր, կենդանի կերպով, ինչպէս Նիկեֆորինը։
Գուրգէնի բարդ և հարուստ հոգեբանութեան ելևէջները բաւականաչափ զօրութեամբ ու յաջողութեամբ պատճառաբանուած չեն, մանաւանդ նրա յանկարծական հրաժարումը Հաննայից, նրա յարաբերութիւններն ու խզումը Թէօֆանօի հետ և այլն։
Օհան Գարգէնի պատկերը լրացնում է Հաննան, որ կարելի է ապահովաբար ասել իրօք նրա երկրորդ բարձր «եսն» է կազմում։ Հաննան արդէն կենդանի կին չէ բնաւ, այլ մի սիմվոլ, սխեմա, ուրուագիծ։ Առանց Հաննայի դժուար պիտի լինէր սակայն ճշտօրէն ըմբռնել Օհան Գուրգէնի հոգեբանութիւնը։
Կայսրուհի Թէօֆանօն, րնդհակառակը, Շանթի ամբողջ երկի մեջ թերևս ամենակենդանի, հոգեբանօրէն հետաքրքիր և գեդարուեստօրէն յաջողուած դէմքն Է։
Չնաշխարհիկ գեղեցկութեան տէր, անհաւատալիօրէն անսիրտ և ոճրապարտօրէն փառատենչ այս կինը, ներկայացուած է շօշափելի լինելու աստիճան հարազատ պատկերաւորութեամբ ու նրբութեամբ։ Սքանչելի են մանաւանդ այն տեսարանները, ուր նա անդունդի եզերքին կանգնած՝ իր կանացի բոլոր հրապոյրներն ու միջոցներն է ի յայտ բերում իր դիրքը, իր ոյժը, իր իշխանութիւնն ու հմայքը պահպանելու համար։
Մենք նկատի ունենք այստեղ երրորդ արարուածի, առաջին տեսարանի վերջը, ուր Նիկեֆոր կայսրը յուսահատական փորձ է անում իր կնոջից իմանալու իրեն հալածող ահաւոր ճշմարտութիւնը Օհան Գուրգէնի և Թէօֆանօի յարաբերութիւնների մասին, և չորրորդ արարուածի երկրորդ տեսարանի այն մասը, ուր նոր կայսրը՝ Օհան Գուրգէնը գահ բարձրանալուց յետոյ յայտնում է Թէօֆանօին իր որոշման մասին՝ հեռացնել նրան պալատից և փակել Պրինկեպօ կղզում։
Յաջողուած է միանգամայն և ծերունի ներքինապետի՝ Վասիլ Լևկապէնի դէմքը։
Աննկատելի կերպով ամբողջ դրամայի վրայ տիրում է այդ տաղանդաւոր ներքինու շունչը։ Բոլոր գործող անձինք այս կամ այն չափով, այղ կամ այն ձևով ենթակայ են նրա կամքին ու խաղերին։ Նա է, որ ի վերջոյ վարագույրի ետև մնալով, ուրիշների ձեռքով յաղթում է իր բոլոր ախոյեաններին և իշխում իսկական կայսրների վրայ։ Որովհետև նա միանգամայն ազատ է մարմնի, սեռի այն մեղկացնող ազդեցութիւնից, որ նոյնիսկ Օհան Գուրգէնին կաշկանդում էր այնքան տիրական կերպով․ այսպէս թէ այնպէս Օհան Գուրգէնի հոգու վրայ իշխում էր մի ուրիշը՝ մի կին, թէկուզ և հեռաւոր, անհաս, անմատչելի։ Մինչդեռ ներքինի ԼևկապԷնը հոգեպէս անկախ է միանգամայն. ոչ մի կիրք, ոչ մի մարդկային թուլութիւն չէր կարող շեղել նրան իր ընտրած ճանապարհից և վնասել նրա իշխանութեան և ոյժին։ Ահա թէ ինչու իսկական կեսարը, իսկական գահակալը նա է...
Շանթի այս դրամայի մէջ շօշափուած են շատ հետաքրքիր հոգեբանական