Էջ:Gorts magazine (1917, issue 1).djvu/295

Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳՐՈԻԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ

Բացառիկ պատմական ժամանակաշրջանում է լոյս տեսնում «Գործը»

Դեռ չի աւարտուել աշխարհաւեր պատերազմը, իսկ հայութիւնը ապրում է իր պատմութեան ամենից դաժան էջը։ Թւում է, թէ այս պայմաններում խաղաղ կուլտուրական աշխատանքի ձեռնամուխ լինելը անիմաստ ջանք է, ոյժերի ու միջոցների ապարդիւն վատնում։ Սակայն հայութիւնը գերազանցապէս շինարար աղգ է հանդիսացել իր պատմութեան ամբողջ ընթացքում և այդ շինարարութիւնն է նրան փրկել դառն ճգնաժամերից։ Այսօր էլ մի զգացում պիտի իշխէ մեր խոհերին, ո՛չ լքում, ո՛չ յուսաբեկութիւն, այլ անձանձիր ու յամառ աշխատանք անվտանգ պահելու մեր ֆիզիքական գոյութիւնը, ճոխացնելու մեր հոգևոր ունակութիւնները։ Այս գիտակցութեամբ է, որ մենք ձեռնամուխ ենք լինում «Գործի» հրատարակութեան։ Այս զգացումով է, որ մենք հիմք ենք դնում մի նոր հայ պարբերական օրգանի։

Նրանց համար, որ ապրում են «յափրած որկորով» և այդ որկորի պահանջներին զոհ բերում նկուն գոյութիւնները, անմատչելի հասկացողութիւն է «ոգու սովը», որ գօտեպնդում է մեզ և մեր զէնքը հանդիսանում ինքնուրոյնաբար ապրելու և զարգանալու ասպարէզում։ «Գործը» հոգևոր կռուան է և նպատակ ունի սպասաւորելու հայ ժողովրդի կուլտուրական կարիքներին, նպաստելու նրա ինքնագործունէութեանը։ Մեր ժողովըրդի սեպհական ջանքերից է կախուած նրա նիւթական ու հոգևոր բարգաւաճումը և «Գործը», իբրև այդ ջանքերի արդիւնք, պիտի ընթանայ ժողովրդական շահերի հունով։

«Գործը» մի հոսանքի կամ մի ուղղութեան բերան չէ։ Նրա հրատարակման գաղափարը երկնուել է տարբեր աշխարհայեացքի տէր մտաւորականների մէջ։ Ահա լրանում է մի տարին, որ այդ մտաւորականների խումբը հարթում է խոչընդոտները և ստեղծում այն պայմանները, որ հնարաւոր լինի Բագւում հրատարակել մի ամսագիր։ Անհրաժեշտ էր ջերմ մթնոլորտ ստեղծել նոր պարբերականի շուրջը, բարոյական ու նիւթական ոյժեր գրաւել․ բանակցել ու համաձայնութեան գալ հիմնական ու երկրորդական հարցերի մասին, վերջապէս յաղթահարել մի շարք տեխնիքական դժուարութիւններ, որոնք պատերազմի շնորհիւ յաճախ ծանր մտահոգութիւններ էին պատճառում։ Չի կարելի ասել, թէ այսօր «Գործի» առաջ հարթուած են բոլոր դժուարութիւնները, սակայն նա լոյս է տեսնում խորին հաւատով, որ հասարակական համակրանքն ու աջակցութիւնը նրա թևն ու թիկունքը կը դառնան ամուր և հաստատ տեղ գրաւելու հայ մամուլի օրգանների շարքում։

«Գործը» խմբագրւում է յատուկ խմբագրական կազմի ձեռքով, կազմի, որ այդ նպատակի համար լիազօրուել է նախաձեռնող մտաւորականների ընդհանուր ժողովից։ Խմբագրական կազմը գիտակցում է ընկերովի աշխատանքի թէ ձեռնտու և թէ պակասաւոր կողմերը։ Նա համոզում ունի,