Այս էջը սրբագրված է

Անտիգոնէ. Ո՞վ գիտէ, արդեօք անսխալ են համարւում քո համոզմունքները այն աշխարհում։

Կրէօն. Թշնամին, թէպէտև մեռած, թշնամի է դարձեալ և ոչ բարեկամ։

Անտիգոնէ. (բուռն զգացմունքով) Ես ծնուել եմ միասին սիրելու և ոչ թէ միասին ատելու համար:

Կրէօն. (ձեռքը մեկնելով դեպի գետինը) Գնա ուրեմն մեռելներիդ մօտ և եթէ պէտք է սիրել, սիրիր նրանց, իսկ ես, քանի դեռ կենդանի եմ, չեմ կթողնի, որ մի կինարմատ տէր լինի գլխիս: (Պալատի աջակողմեան դռնից դուրս է գալիս Իսմենէն արցունք թափելով։ Երբ նա երեւում է, սկսւում է մեղմ երաժշտութիւն, որի նուագակցութեամբ երգում է առաջին ալեւորը)։

Առաջին ալեւոր. Ահա և Իսմենէն դուրս է գալիս դռնից, հարազատի բախտը լալով: Թախիծի ամպը մռայլել է ճակատը և այլայլել վարդագոյն դէմքը: Չքնաղ այտերի վրայով հոսում են արցունքի շիթեր:

                                   ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
                               ՆՈՅՆ ԱՆՁԻՆՔ ԵՒ ԻՍՄԵՆԷ 

Կրէօն.(Իսմենեին՝ բարկացած) Ահա և դու, օձ, որ գաղտագողի սողոսկել էիր պալատս, որպէսզի ծծէիր արիւնս՝ ծածուկ: Ի՞նչ կարող էի կարծել, թէ երկու իժ եմ սնուցանում տանս, երկու ոսոխ իմ գահին.. Դէ՛հ, պատասխանի, մասնակցե՞լ ես թաղմանը... Թէ՞ երդում կուտես, որ ոչինչ չը գիտես...

ԻսմենԷ. (վախվխելով նայում է Անտիգոնէին) Եթէ սա մեղաւոր է, ես էլ եմ մեղաւոր: Խոստովանում եմ մեղսակցութիւնս և պատրաստ եմ նոյն պատիժը կրել:

Անտիգոնէ. (արագ ու խիստ) Ոչ, այդ անարդար կը լինի. Դու չէիր ուզում օգնել ինձ, ոչ էլ ես էի ուզում քո օգնութիւնը:

ԻսմենԷ. Երբ դու տանջւում ես, ինչու՞ պիտի ամաչեմ տառապել քեզ հետ:

Անտիգոնէ. Ով է թաղողը, այդ գիտեն Մահուան աստուածը և մեռելները, իսկ ով միմիայն խօսքով է սիրում, սիրելի չէ իմ սրտին:

ԻսմենԷ Ոչ, քոյր իմ, մի վիրաւորի ինձ: Թոյլ տուր ինձ