Այս էջը սրբագրված է

մեռնել քեզ հետ միասին և կատարել դրանով սրբազան պարտքս դէպի հանգուցեալը։

Անտիգօնէ. Ոչ, դու չես մեռնի ինձ հետ։ Մի իւրացնի այն, ինչ որ քոնը չէ։ Իմ մահն էլ բաւական է։

Իսմենէ. Ի՞նչ քաղցրութիւն կունենայ կեանքը, երբ քեզնից զրկուեմ...

Անտիգօնէ. (սառն) Կրէօնից հարցրու. շատ էիր հոգս տանում նրա մասին։

Իսմենէ. (երեսը շուռ տալով) Ինչու՞ ես իզուր այդպէս ինձ ծաղրում:

Անտիգօնէ. (գռգռուած) Այո, ծաղրում եմ, բայց դառն սրտով։

Իսմենէ. Ինչո՞վ կարող եմ գէթ այժմ օգնել քեզ։

Անտիգօնէ. Դու քո գլուխն ազատիր։ Ես չեմ նախանձի քո փրկութեանը։

Իսմենէ. Վա՜յ ինձ թշուառիս։ Մի՞թէ յիրաւի ես պիտի զըրկուեմ քեզ հետ մի մահով մեռնելու բախտից։

Անտիգօնէ. Բայց չէ՞ որ դու ապրել էիր ուզում, իսկ ես՝ մեռնել։

Իսմենէ. Այո, բայց որքան աղաչեցի, պաղատեցի քեզ։

Անտիգօնէ. Ոմանց համար քո վարմունքն է գովական, ոմանց համար՝ իմ։

Իսմենէ. (բուռն զգացմունքով) Ո՛չ, մենք երկուսս էլ մեղաւոր ենք միակերպ։

Անտիգօնէ. (քնքշօրեն) Սփոփիր սիրտդ։ Դու դեռ լի ես կեանքով, իսկ իմ հոգին մեռել է վաղուց, և ես մեռելներին միայն կարող եմ ծառայել:

Կրէօն. (որ քանի գնում, աւեյի ու աւելի զարմանքով էր լսում քոյրերի խօսակցութիւնը) Ինչպէս տեսնում եմ, այս աղջիկները խենթ են երկուսն էլ, մէկը նոր ցնորուեց, իսկ միւսը՝ խելագար է ի ծնէ։

Իսմենէ. (արտասուալից) Թշուառների գլխում խելք ե՞րբ է մնում, տէր արքայ, ցնդւում, կորչում է։

Կրէօն. Քո գլխինը ճիշտ որ կորել է, ապա թէ ոչ, չէիր վճռի չարին յարել չարերի հետ։

Իսմենէ. (նայում է Անտիգոնէին) Ինչի՞ս է պետք կեանքը, երբ մնամ մենակ առանց սրան։

Կրէօն. (դաժան) Մի ասա սրան: Դա չը կայ այլևս։

Իսմենէ. Միթէ կը սպանես որդուդ հարսնացուին...

Կրէօն. Հերկողի համար հեշտ է գտնել արտ։ Այր մարդու համար միշտ կայ հարսնացու։