Այս էջը սրբագրված է

երկուսով եկանք մի ճանապարհով մի զոյգ աչքերով և ինչպես միշտ՝ աչքաւորը առաջնորդեց անաչքին։

Կրէօն. (ճանաչում է Տիրեսիասի ձայնը վեր է կենում եւ թեթեւացած սրտով, ակնածութեամբ ընդառաջ գնում) Ի՞նչ նոր բան կայ, Տիրեսիաս ալևոր»

Տիրեսիաս. (մտանոգ) Իսկոյն կասեմ։ Բայց պիտի անսաս գուշակին:

Կրէօն. Ե՞րբ չեմ լսել քո խրատին:

Տիրեսիաս. Եւ այդ է պատճառը, որ մինչև այժմ հմտաբար ես կառավարել այս քաղաքը։

Կրէօն. (խուլ ձայնով) Կարող եմ վկայել, որ շատ անգամ դու օգնել ես ինձ այդ բանում։

Տիրեսիաս. (աւելի բարձր) Բայց պիտի ասեմ, որ այժմ կրկին կանգնած ես անդնդի ափին։

Կրէօն. (վախեցած) Ի՞նչ կայ։ Քո խոսքերը դող են ազդում ինձ:

Տիրեսիաս. Կիմանաս, եթէ լսես այն, ինչ որ յայտնեցին ինձ իմ արուեստի նշանները։ Նստած էի հին ժամանակներից հաւահմաներին յատկացրած շէնքում, ուր ամեն տեսակ թռչուններ կիտուել էին գլխիս։ Յանկարծ լսեցի թռչունների մի անծանօթ ճիչ, չարաշշուկ ու վայրագ։ Հասկացայ, որ մագիլներով ծուատում են իրար մահացու կռւում, որովհետև նրանց թելերը ահագին շառաչ էին հանում։ Սարսափահար՝ իսկոյն և եթ փորձեցի ողջակէզ անել բագինի վրայ։ Սակայն բոց չէր բարձրանում մատաղից, այլ ազդրերի ճարպը ծորում էր մոխրի վրայ, մխում, ճենճերում։ Լեղին պատռուելով ժայթքեց օդի մէջ և ոսկրները ցցուել էին մսից մերկացած։ Այս տղան յայտնեց ինձ այդ ամենը, սա իմ ուղեցոյցն է, ինչպէս ես՝ ուրիշներինը, և ես հասկացայ, որ զուր է գուշակելս, քանի որ չի ընդունւում զոհս։ Իմացի արքայ, որ քո երեսիցն է այս ցաւը հասնում մեր ժողովրդին։ Մեր բոլոր բագինների և գոհաբանների վրայ թափթփուած են շների ու թռչունների բերած դիամասերը Էդիպ արքայի թշուառ որդու։ Այդ է պատճառը, որ աստուածները չեն ուզում այլևս ընդունել մեզնից զոհման աղօթքներ ու ողջակէզներ, և թռչուններն էլ, խմելով մեռելի նեխած արիւնը, չարագուշակ ճիչ են արձակում։ Արդ, լաւ մտածիր, որդեակս։ Սխալուելը յատուկ է բոլոր մարդկանց. բայց չի կարելի սխալուողին տխմար կամ թշուառ համարել, եթէ սխալուելուց յետոյ նա չի յամառում, այլ աշխատում է ուղղել արածը։ Մեծամտութիւնը խելքի պակասութեան նշաններից մէկն է։