Այս էջը սրբագրված է

Տիրեսիաս. Չեմ մոռանում, չԷ՞ որ իմ շնորհիւ փրկեցիր քաղաքը ու թագաւոր մնացիր: [1]

Կրէօն. (աւելի հանգիստ) Գուշակելում ճիշտ վարպետ ես, բայց հոգիդ հեշտ ես սևացնում:

Տիրեսիաս. (ձեռը բարձրացնելով) Ինչպէս տեսնում եմ, դու ստիպելու ես ինձ բանալ սրտիս գաղտնիքը։

ԿրԷօն. Բաց արա, բայց խօսի անկաշառ, լեզուով։

Տիրեսիաս. Հէնց այդպես եմ ուզում ես վարուել քեզ հետ:

Կրէօն. Սակայն իմացի, որ չես կարող գրաւել իմ սիրտը։ Անյողդողդ է վճիռս։

Տիրեսիաս. (սաստիկ գրգռուած) Դէ՛հ, ուրեմն իմացի դու ևս։ Դեռ արեգակը կատարած չի լինի մի քանի շրջան, որ ի գոհացումն մեռելների դու կը տաս մի մեռել քո ընտանիքից այն բանի համար, որ զրկեցիր արևի լոյսից մի մատաղ հոգի, ողջ-ողջ փակելով՝ ցուրտ շիրիմի մէջ, և դեռ պահում ես գետնի երեսին մի մեռել, զուրկ վերջին օթևանից, ու թոյլ չես տալիս ոչ ողբալ, ոչ թաղել նրան և ոչ հեղման ծէս կատարել վրան։ Մինչդեռ այդ բարձր է ոչ միայն քո, այլև վերին զից իրաւունքից։ Չար բռնութիւն է արածդ։ Դժոխքի և վերին զից վրէժխնդրուհիները, որոնք անպատիժ չեն թողնում երբէք յանցաւորներին, դարանում են շուրջդ՝ որպէսզի ուրիշներին պատճառած վշտիդ փոխարէն նոյնպիսի վիշտ և քեզ պատճառեն։ Մի լաւ մտածի, կարելի՞ է արդեօք իմ այս խօսքերը կաշառուած մարդու խօսքեր համարել։ Շուտով կը լսես կանանց և մարդկանց բարձրաձայն ճիչեր քո արքունիքում և կը համոզուես, որ սխալ է կարծիքդ։ Եւ քո դէմ կելնեն ոսոխ քաղաքներ, ուր որևէ շուն, գազան կամ թռչուն տարել է հետը անթաղ դիակի մի մանրիկ պատառ և նեխած լէշի գարշելի հոտով պղծել սուրբ բագինները։ Ահա թէ ինչ սուր սլաքներ եմ անվրէպ մխում ես, զայրացած նետաձիգս, քո սրտի մէջ այն բանի համար, որ անարգեցիր ինձ, և քեզ փրկութիւն չը կայ նրանց այրող վերքերից: (Ուղեցոյց) Տուն տար ինձ, տղայ: Թող դա իր ոխը թափի աւելի երիտասարդների վրայ և թող սովորի աւելի զգոյշ բանալ բերանը և աւելի խելացի դատել, քան դատում է այժմ:

(Գնում է: Բոլորը գուշակի խօսքերի ցնցող տպաւորութեան տակ են)։

  1. երբ դաշնակիցների զօրքը մոտենում էր Թեբէին, Տիրեսիասը յայտնեց, թէ քաղաքը կարող է փրկուել միայն այն դէպքում, եթէ <<սպարտների» սերունդներից մեկը իրան զոհի։ Կրկօնը ընտրեց իր որդի Մեգարեսին, որ յօժարակամ իրան զոհեց: