Այս էջը սրբագրված է

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

       ՆՈՅն ԱՆԶԻՆՔ ԲԱՑԻ ՏԻՐԵՍԻԱՍԻՑ

Առաջին ալեւոր. (մօտենալով Կրէօնին) Տէր արքայ, նա աղէտ գուշակեց ու գնաց։ Վաղուց են սպիտակել մեր մազերր, բայց դեռ չենք յիշում մի դէպք, որ նրա գուշակութիւնը սուտ ելած լինի

Կրէօն. Ինքս էլ այդ գիտեմ, ուստի անհանգիստ է հոգիս։ (Լռութիւն)։ Ծանր է զիջել, բայց եթէ յամառեմ, սոսկալի աղէտ է գալու գլխիս։

Առաջին ալեւոր. Խոհեմ եղիր, Մենեկէի որդի։

Կրէօն. Ասա՝ ի՞նչ անեմ։ Ես պատրաստ եմ խորհուրդդ կատարել:

Առաջին ալեւոր. Գնա հրամայիր հանել օրիորդին գետնափոր շիրիմից ու թաղել մեռելին։

Կրէօն. (զարմացած) Ա՞յդ է ձեր խորհուրդը... Ուրեմն պիտի զիջե՞մ ձեր կարծիքով։

Առաջին ալեւոր. Սակայն շտապի , արքայ: Աստուածները շատ շուտ են ոխ հանում ըմբոստներից։

Կրօէն. Աւա՛ղ։ Կամայ ակամայ պիտի հրաժարուեմ իմ վճռից և լսեմ ձեր ասածին. չի կարելի կռուել անհրաժեշտութեան դէմ։

Առաջին ալեւոր. Գնա և ինքդ քո ձեռքով արա. մի յանձնի ուրիշներին։

Կրէօն. Որ այդպէս է, իսկոյն կը գնամ, (մօտենում է պալատի դռան. յուզուած) է՛յ, ստրուկներ, ով կաք չը կաք այդտեղ, բոլորդ միասին վերցրէք կացինները և իսկոյն վազէք (մեկնելով ձեռքը այն բլրի կողմը, ուր ընկած է Պոլինիկի դիակը) այն նշանովի տեղը։ (Ստրուկները շտապով դուրս են թափվում հրապարակը) Իսկ ես... (տատանւում է, չը կարողանալով յաղթահարելով իր հպարտութիւնը, սակայն ազդուած ալեւորների պաղատական հայեացքներից, շարունակում է յուսահատ վճռականութեամբ) ես էլ կը գամ և քանի որ փոխեցի վճիռս, ինքս անձամբ կարձակեմ իմ կապած հանգոյցը, (Ալեւորներին) Իրաւ էք ասում, ամենից լաւն այն է, որ մարդ ապրի, կատարելով սահմանուած օրէնքները։ (Շտապով գնում է դեպի դաշտը ստրուկների ուղեկցութեամբ։ Ալեւորներն ուրախ յուզմունքի մեջ են)։