տի տեր, պարզ ռենճպերությամբ[1] առաջ եկած, բանվորության մաքուր ու թարմ հոտը, պարզությունը, քիչ մըն ալ ռամկությունը պահելով իր վրա և հպարտանալով այդ ռամկությունովը, որ կը վայլեր իրեն:
Եվ սակայն գացեր եկեր գիտնական աղջիկ մը իրեն կին առնելու որոշում տվեր էր ահա. տարօրինակ ամուսնության գաղափար, որ իր մտքին մեջ մտեր ու իր կամքին հակառակ հետզհետե գամվեր ու հաստատվեր էր հոն, Տյումային խոսքին համեմատ, այնքան ավելի խոր՝ որքան զարկեր էր այդ գաղափարին վրա:
Պզտիկ մը վերլուծելով գեղին էն ուսյալ աղջիկը, ինքը ռամիկ ու անուս մարդ, իրեն կին առնելու փառասիրութենեն ավելի՝ ճշմարիտ ու հիմնական համակրություն մը այս ընտրությունը թելադրած էր իրեն, և աղքատ աղջիկ մը չքավորութենե ազատելու, համեստ, բայց անդորր կենցաղ մը անոր ընծայելու ներքին գոհունակությունը ավելցած էր այդ համակրության վրա: Ու այս բոլոր մտածումներով առաջնորդված՝ Օհանճան, իր մորը խուլ ընդդիմությանը հակառակ, Զարուկը ուզելու ելեր էր օրին մեկը, անոր շրջանավարտ ըլլալեն վեց ամիս անցած չանցած:
Այս բախտը, որովհետև իրոք բախտ մըն էր ասիկա, աղբյուրին քովը հավաքված կիներուն միաձայն կարծիքին նայելով, միայն Զարուկին աչքին չերևաց սակայն. իր գիտնական աղջիկի երազներեն ռամիկ զարթնում մըն էր ասիկա, ջուր կրող, լաթ լվացող աղջիկներուն սովորական ու գռեհիկ ամուսնությունը՝ հողագործի մը հետ, անոր կոպիտ ու դժնդակ ապրուստին մշտնջենական մասնակցությունը. հերկելու, ցանելու, քաղելու սահմանված գործունեություն մը՝ ցորենի, հարդի, աղբի կապված երիտասարդության մը հետ. ահա բոլոր ստուգությունը, որ այս ամուսնությունը իրեն կը խոստանար: Ու մարդ մը դեմը՝ որ իր աղվոր երիտասարդի բոլոր հրապույրները
- ↑ ռենճպեր, ռանչպար - հողագործ, երկրագործ, աշխատավոր