Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/218

Այս էջը սրբագրված է

Հետո, ստիպված, այդ տունն ալ ծախեց. իր առաջին վիշտը եղավ ասիկա բովանդակ կյանքին մեջ. ատկե վերջը անդաստական մեկը եղավ ա՛լ. զինքը շրջապատող համակրությունը, իրեն ընկերացող ծափահարությունները հետզհետե հեռացան իրմե ու տակավ պակսեցան մարող արձագանքի մը նման, իր երեսին ժպտող բոլոր երեսները թթվեցան ու անգին դարձան: Անհրաժեշտ բարևներ անգամ պզտիկցան, տարտամ, խուսափողական ձևեր առին՝ իր փալթոյին գույնին պես: Այս ընդհանուր սառնությունը զինքը շփոթեցուց քհչ մը ու ամեն արիություն մեռցուց իր մեջը: Ընդհանուր լքումին մեջ՝ ձեռք մը միայն կարկառեցավ իրեն, իր սիրած աղջկան ձեռքը: Բայց հիմա՝ իր անկումին մեջ՝ ինքզինքը անարժան զգաց անոր ու խույս տվավ անկե:

Հոս հոն շրջեցավ, դեռ նոր ոտք դնելով մյուս կյանքին սեմեն ներս, դժնդակ ու իրական կյանքին:

Որչա՜փ ատեն աղքատ ապրեցավ, պատերու տակեն սպրդելով քալեց, զրկանքներու ահագին աշխարիքին մեջ թափառեցավ:

Այդ միջոցին էր կարծեմ, որ պատահեցա իրեն ու կեցուցի զինքը փողոցին մեջ:

- Տեսնենք, - հարցուցի իրեն, - ինչո՞վ կը զբաղիս հիմա:

- Մեռնելով, - պատասխանեց ինծի:

Դ.

Շաբաթ մը վերջը իր ամուսնության լուրը առի: Տունը մնացած, ստակի տեր, անհրապույր աղջիկ մը՝ երիտասարդ էրիկ մը փնտրելու ելեր էր ու Հակոբիկը համոզեր էին, որ այս պաշտոնը ստանձնե:

Առանց ընդդիմության, առանց խորհրդածելու հետևեր էր իրեն տրված խրատին, հիվանդի մը պես, որ ամեն կամք կորսնցուցած՝ հանձն կ՚առնե ամենեն դառնահամ դեղը խմել: Ու օրին մեկը տուն-փեսա գա