ցեր էր Փանկալթի. փայտաշեն, հին օրերե մնացած տուն մը Պետրոսյաններուն տունը, առանց աղեկ մը գիտնալու, թե ի՛նչ ընելու համար:
Կարգի կանոնի մարդիկ էին հոն եղողները, հարսին հորմեն մորմեն սկսելով, մինչև տան ծառաները, առտուն երեքին՝ սեղանատունը նախաճաշ. վեցին՝ ցերեկվան ճաշը. իրիկվան դեմ՝ աներհայր ու զոքանչ հինգ փառթի պեզիկ [1] իրարու հետ. իր կինը՝ դեմը անկյուն մը նստած, դրացի տուներուն մեջ պատահած եղելությունները մանրամասն պատմելով:
Ամենուն դեմքին վրա լուրջ ու հանդիսավոր բան մը կար, որուն մեջ նոր փեսան իր անառակ տղու անցյալին դեմ լուռ կշտամբանք մը կը կարդար:
Իսկ կիրակի օրերը եկեղեցի պիտի երթային անխափան: Հակոբիկ ընդդիմություն չըրավ այս ամենուն, այնքան նոր, այնքան անհնարին, այնքան անիմաստ էր իրեն այս ամենը: Իր կինը, զուրկ ամեն պչրանքե, կարծես քրիստոնեական պարտականություն մը կատարելու համար կը մոտենար իրեն ու պարզապես զզվանք կ՚ազդեր անոր: Իրենց հարաբերությունները անհրաժեշտեն անդին չանցան:
Ամեն անհատականություն կորսնցուցած՝ Հակոբիկ ինքզինքը վերստին գտնելու ջանք մը չըրավ, գիշեր մը մինակ դուրս ելլել մտքեն անգամ չանցուց:
Աշխարհի առջև սակայն՝ Հակոբիկ նոր բախտի մը տիրացած էր Պետրոսյաններուն փեսա ըլլալովը. բարևները սկսեր էին նորեն տրվիլ: Աները ըրավ չըրավ գործի դրավ զինքը իր կնոջ ազգականներեն մեկուն քով, որուն կալվածներուն հասույթը պիտի հավաքեր ու վարձու պայմանագիրները պիտի նորոգեր. բավական ատեն կանոնավոր ու գոհացուցիչ կերպով վարեց իր նոր փեսի ու գործակատարի դերը:
Եկեղեցի հաճախելը տեսնելով՝ քանի մը հոգի առաջարկեցին Հակոբիկը թաղական ընել:
- ↑ պեզիկ - թղթախաղի տեսակ