Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/220

Այս էջը սրբագրված է

Խելքը գլուխը եկավ, կ՚ըսէին շատերը: Հանգստությունը ու երջանկությունը հիմա գտավ, ըսին ամեն տեղ: Աներհորը հարստությունը ուշ կամ կանուխ իրն էր և իրազեկ անձեր տասը հազար ոսկիի մոտ կը հաշվեին այդ հարստությունը: Նախանձողներ ունեցավ:

Թաքսիմ, պարտեզին մոտ բռնեցի զինքը:

- Ի՞նչ ըրիր, Հակոբիկ:

- Ինչ որ ըսեր էի քեզի արդեն, մեռա:

- Ի՜նչ կատակասեր մարդ ես:

Տրտում ժպիտ մը գծագրվեցավ ու անհետացավ իսկույն երեսին վրա:

- Ճաշի ատեն է, - պատասխանեց ինծի, - պետք է որ տունը ըլլամ:

Հեռացավ փութկոտ քայլերով, առանց զիս ողջունելու:

Ե.

Ու մեռավ իրոք, չափավոր հիվանդութենե մը վերջը, ոչ շատ երկար՝ ոչ շատ կարճ, կարգով կանոնով, ինչպես որ պատվավոր մարդ մը պետք է մեռնի: Ո՛չ հանկարծակի, ո՛չ դիպվածական մահով, որոնք զղջումի ատեն չեն ձգեր ու գերագույն պատրաստությանց չեն հարմարիր, այլ երեք ամիս անկողնին ծառայելեն վերջը ու ս. եկեղեցու խորհուրդները առնելե զկնի, ինչպես մահազդը ծանույց:

Բժիշկները, որոնք զինքը դարմանելու եկան, ճշտիվ չկրցան ճանչնալ հիվանդությունը, որ զինքը սպառեց. նվաղում մըն էր տակավ, անխոսիկ, առանց ցավի, որ այս շենքով ու շնորհքով լեցուն տանը մեջ միակ ներելին էր արդեն:

Անոր մեռնելովը ոչ ոք ցավ մը զգաց, թեև միշտ միևնույն մահազդը մեզի իմացուց թե այս կորուստը ի խոր սուգ համակեց տնեցիները:

Իր այրին տարի մը սևեր հագավ, առջի երեք ամիսը թանձր քողք մը դրած երեսն ի վար, որ մինչև