Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/224

Այս էջը սրբագրված է
Ա.

Սև շրջանակով պարուրված, սովորական ու ռամիկ պիտակն էր փակցված հող պատին, վրան ավանդական տապանովը, որուն քով ծունկ չոքած՝ կին մը կ՚աղոթե. վարի դին՝ ազգականներու թվումը, ու թուղթին ճիշտ մեջտեղը՝ հոն, ուր նայվածքները կ՚երթան իսկույն, անուն մը, կարծես հատկապես իմ չհավտացող աչքերուս համար ահավոր կերպով մեծցած, ամբողջ հորիզոնը գրավելու չափ խոշորցած տառերով գրված անունը.

Տիկին***

Մեկու մը վրա ունեցած հիշատակներդ ու զգացումներդ որքան ալ մոռցված ու անհետացած ըլլան, այդ անձին մահը իմանալուդ մեկեն կը վերադառնան ու կյանք կ՚առնեն ճիշտ ինչպես ճերմակ թիթեղը լուսանկարին՝ քիմիական բաղադրության մը տակ հանկարծ պատկեր մը ի հայտ կը բերե քեզի:

Այս բոլորովին անակնկալ մահը միևնույն ներգործումը կ՚ըներ վրաս, ու մեղմիվ՝ անցյալ մը կը կազմվեր չնչին հանդիպումներե, հավնելներե, անոր անցնիլ երթալեն վերջը դեռ ետևեն երթալու պես նայիլներե կազմված անցյալ, որ, պահված տեղե մը դուրս ելլելու պես, հանկարծ կ՚ելլեր ահա, մաքիս առջև, իր տարտամ ու վարանոտ գիծերը կը թոթափեր վար, այս կնոջ համար որոշ ու մեկին զմայլանք մը ըլլալը բացե ի բաց խոստովանելու համար:

ժողվելով, հավաքելով այդ մանր մունր տպավորությունները, բերելով քով քովի՝ սիրելի դատ մը ապացուցանելու համար զորավոր փաստի զանգված մը շինելու պես, պայծառ կերպով կը տեսնեի ինքզինքս հեռվեն, միշտ հեռվեն, քանի որ ներկայացած չէի այս կնոջ և հետը խոսած չէի բնավ, երկրպագումի մը պես դիրքի մը մեջ, մունջ հիացումով համակված, ամեն