հեղ երբ Կղզի գացող շոգենավին վրա կամ Փերա մեծ փողոցին մեջ և կամ խանութե մը բան մը գնած պահուն կը տեսնեի զինքը:
Միշտ արտորացող[1] բան մը ուներ վրան, որ հիմա, իր վաղահաս մահվան առջև կեցած պահուս, ահեղ խորհրդանշանը կ'երևա ինծի արտորանքով կարճցած երիտասարդությանը:
Կապույտը կը սիրեր ան. ոտքեն մինչև գլուխը կապույտներու մեջ պլլված, համակ կապուտագեղ կին, որ իր աճապարող փութացումին մեջ՝ «շուտ երեսս նայեցեք, վայելեցեք զիս, վասնզի վայրկյան մը վերջը ալ չկամ» ըսելու պես բան մը ունենալ կը թվեր, երբոր կ'անցնէր քովեդ:
Նրբահասակ ու նրբամարմին էր. թափանցիկ կաթնաթույր մորթով. ու եղջերուի մեծ-մեծ բացված աչքերով, որուն մեջ ճերմակը կ՚աղոտնար, կը հատներ, այնքան կ՚իշխեր մեջտեղի սևին ցոլացումը ու կը վարագուրվեր երկար բիբերուն ձգած ստվերովը:
Խոսուն աչքեր, ժպտուն աչքեր, անմեղ ու մեղավոր աչքեր՝ որոնք տիեզերքին երանությունը իրենց ծոցին մեջ կը պահեն:
Քովես, ինծի պես այս մահազդին առջև կեցողները կը խոսակցէին, իրենց գաղափարները կը փոխանակէին մեռնողին վրա, հիմա, որ ոևէ նկատում ու ակնկալություն չէր մնացած, արտասանելով իրենց խղճին թելադրած անկախ վճիռը անոր մասին:
Այսպես կ՚ըլլա միշտ մեռնողներուն համար, մարդիկ՝ դերասաններու պես, որոնց թատերախաղը վերջացած է, իրենց լեզուն ու դիրքը կը փոխեն, գոհունակության շունչ մը առնելով, երկարատև ծպտում մը, լեզվի ու վարքի ծպտումը թոթափող մարդու ազատ շնչառությունը:
- ↑ արտորալ - շտապել, աճապարել, փութալ