Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/230

Այս էջը սրբագրված է

պես գործե քաշված քանի մը մարդոց հետ: Հոն գտնվեցա ես ալ ու միասին կը խաղայինք շատ հեղ։ Ինքը վարպետ մըն էր ու ինծի պես համբակի մը խաղեն մեծ հաճույք չէր կրնար առնել, բայց չեմ գիտեր ինչո՞ւ ան ալ իմ ընկերությունս կը փնտրեր:

Ու միասին, խաղին փառթին լմննալեն ետքը, իրիկվան դեմ, քով-քովի պզտիկ պտույտ մը կ՚ընեինք մինչև Թաքսիմի պարտեզը և նույնպես միասին կ՚ընեինք վերադարձը, հոր ու զավկի պես:

Ի՞նչ էր այն անպատմելի բանը, որ այս ծերունիին մոտ գտնվելուս՝ զիս ցնծությամբ կը լեցներ, ամենեն երջանիկ արարածը կ՚ըներ զիս: Փոխադարձ համակրությունը, զոր այս մարդը ինծի ցույց կուտար, իր աղջիկեն եկածի պես տպավորություն կ՚ըներ վրաս: Ինքը իր աղջկան հիշատակը կ՚ապրէր, ես ալ:

Անոր մահվանը տարեդարձին՝ երկուքնիս ալ մեյ մեկ շքեղ պսակ դրինք գերեզմանին վրա: Գարունը ցնծությամբ կը լեցներ այս սուգի տեղը, ծառերը, ծաղիկները կը խայտային. ու գերեզմանին վերի դին բացվող եղրևանի մը իր կապույտ ծաղիկներու մեհևանդներովը [1] և անոր սիրած գույնովը այդ փոսը կը զարդարեր դեռ:

Վերադարձին հայրը իր տունը հրավիրեց զիս. անհուն երանություն մը զգացի, ոտք կոխելով այն տունը, ուր ապրած էր Սերաֆիթան:

Այս էր տարօրինակ ու աղվոր անունը այս կնոջ, որուն մեռնելէն վերջը մտերիմ եղեր էի ինքնիրենս:

Անկե վերջը միշտ գացի հոն. օրին մեկն ալ հայրը անոր խուցը տարավ զիս: Անոր աղջիկնության հոտերովը լեցուն սենյակ մը, որ զինքը գրկող, պատող, շրջապատող առարկաներով լեցուն էր. վարագույրները գոց էին միշտ, խորհրդավոր ստվերի մը մեջ պահելով զայն, աջ կողմի անկյունը բռնող թիկնաթոռին մեջ փետուրով լեցված բարձիկը անոր մարմնին թողած գոգը կը պահեր դեռ, թռչունի մը բույնին պես՝

  1. մեհևանդ - կանացի շղթայաձև զարդ