Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/231

Այս էջը սրբագրված է

ու քովի մահոնե նրբակերտ սեղանին վրա՝ Պուռժեի, Մոփասանի մեկ երկու հատորները, քառորդ ժամվան մը համար միայն կարծես դուրս ելած էր այս սենյակին տիրուհին, և քիչ մը վերջը պիտի դառնար հոս իմ քովս, իր կապույտ արդուզարդովը, վազելով, արտորալով՝ ինչպես իր սովորությունն էր, կարմրած քրտնած ու համբույրով մը ներողություն խնդրելով զիս սպասցնելուն համար:

Սովորաբար նարտ խազալու կու գայի անոր հորը հետ և ականջես Սերաֆիթան, ինձմե ուրիշին աննշմարելի, դեպի ինծի ծռած, գողտր ու դոդդոջուն ցողունի մը ծռելուն պես, կամաց մը շնորհակալություն կը հայտներ իր հեք հորը մասին ցուցուցած խնամքներուս համար:

Ե.

Ես երջանիկ էի, մունջ ու անխառն երջանկությամբ մը:

Սերաֆիթան, իր աշխարհային կապերը ու պակասությունները թոթափած վրայեն, երազաշեն ու միանգամայն իրական կին մըն էր ինծի համար: Անոր մահը՝ հալոցն էր, մերկացնող, զատող, հարազատող այս ոսկին՝ խառնուրդեն, ազնվական մետաղը պահելով միայն: Միայն բան մը չէր կրցած հեռացնել անկե, պչրանքը, թերևս անոր համար, որ առանց անոր՝ Սերաֆիթան կին մը ըլլալե պիտի դադրեր հրեշտակ մը դառնալու համար:

Գլուխ գլխի կ՚ապրեի անոր հետ. հիմա ինե զատ ոչ ոք ուներ անիկա. պզտիկ նախանձ մը սակայն. երբ իր վռթկած աղջկան ձևերը կը տեսնեի իր քալվածքին, իր ժպտելուն, իր գլուխը ծռելուն մեջ:

Հայրը ամեն օր մեյ մեկ պատմություն ուներ անոր վրա պատմելիք ինծի. ես՝ տպավորություններ միայն և հեռվեն նշմարված բաներ, որոնք մոտը ապրող մարդուն համար նորություններ են միշտ:

Մանրամասն գիտեի ալ իմ սիրած կնոջս ման