Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/232

Այս էջը սրբագրված է

կությունը ու երիտասարդությունը: Այս խոսակցություններուն մեջ անոր ամուսնության դժբախտ պատմությունը կու գար երբեմն, բաժանումը, ամուսնալուծման դատը, որուն մեջ էրկանը փաստաբանները այս կնոջ թեթև մեկ շարժումը՝ քրեական հանցանքի մը պես ցուցնելու հաջողեր էին. վերջապէս գայթակղությունը, որ ծամոցը եղած էր ամենուն բերնին:

Հայրը տաք ու պաղ տեսած ու երիտասարդությանը մեջ շատ մը հոգեկան տագնապներ անցուցած մարդ՝ կանուխեն հանգած էր ներողամիտ վարդապետության մը, որուն մեջ աղջիկը արդարացնելու դիտումը չուներ:

— Ես ալ, - ըսավ օր մը ինծի, - շատ տառապեցա սկիզբը իմ կնոջս երեսեն, ճիշտ Սերաֆիթան էր ան. անոր գեղեցկությամբը, անոր ուրույնությամբը ու անոր զարտուղությամբը: Քսանըհինգ տարու էի, երբոր սիրեցինք իրար. իր ընտանիքը մեր ամուսնության ընդդիմանալուն համար՝ առևանգեցի զայն ու ամուսնացանք հեռու տեղ մը, գյուղի մը մեջ: Երբոր գործերս հաջող կերպարանք մը առին, ամեն ոք զիս ծափահարեց, աներս ու զոքանչս հոգի տալ սկսան վրաս. աշխարհքը, այն անիրավ ու ապուշ աշխարհքը, որ հաջողողներուն դարպաս կ՚ընէ միայն, իմ շուրջս բոլորվեցավ:

«Փերայի մեջ մեր երեկույթները ամենեն փնտրվածներեն էին, ու կինս՝ կիներու ամենեն շնորհալին: Բայց իր գեղեցկությանը չափ անհաստատ ու թեթև էակն էր, զոր գովեստներն ու ականջն ի վար փսփսացված սիրո խոսքերը կը հաջողեին ատեն-ատեն գինովցնել: Սկիզբները շատ տառապեցա ու կը խոստովանեմ, որ դժնդակ բան մը եղավ ինծի այն եզրակացությունը, որուն հասա և որ հիմա կը ճանչնամ. թե ամենեն ուղիղն է:

«Ամեն չքնաղ առարկայի բախտն է ձեռքե ձեռք խլվիլ. գիտակցությունը չէ, որ կը մղե զայն, այլ իրմե անկախ բան մը՝ ճակատագիրը. զինքը պատասխանատու բռնելուն մեջ արդարություն չի կրնար ըլլալ:

«Աստղ մը իր շավիղը պիտի գծե, թիթեռնիկը