պիտի ոսոստե, գետը պիտի վազե երթա ու աղվոր կնիկը պիտի ժպտի ասոր անոր. կը կարծեմ, որ տխուր բան մը պիտի ըլլա, եթե խոժոռած ճակատ ու սրդողած աչքեր դնենք գեղեցիկ կնկան մը երեսին վրա: Կան, որ փողոցին մեջ կ՚անցնին միշտ խոժոռած ու գետին նայելով և, դիպվածով, եթե երեսդ ալ նային, զայրացած կերպարանք մը կ՚առնեն, չեմ ախորժիր ատոնցմէ, լկրտած խնդուք մը՝ ամենեն պարկեշտ, բայց կախ երեսեն նախամեծար կը սեպեմ ես:
«Իմ կինս. պչրասէր քիչ մը, միշտ իմս մնաց, անոր համար, որ չունեցա իր թեթևություններուն դեմ այդ ծանր ու դաժան վարմունքը, որ ամենեն ջերմ սերերը կը պաղեցնէ: Չորս տարի առաջ կորսնցուցի զինքը»:
Հետո աղջիկը միտքը իյնալուն՝ հառաչեց քիչ մը:
- Սերաֆիթաս ճիշտ իր մայրն էր. բայց էրիկը իմ ներողամտությունս չուներ, խիստ ու անգութ եղավ իր կնոջը դեմ, կ՚երևա, թե ասով պատվավոր մարդ հռչակվեցավ աշխարհի առջև:
- Ես. - պատասխանեցի իրեն, - պատիվը շատ ավելի բարձր. շատ ավելի մեծ բաներու մեջ պահված կը նկատեմ. կնոջ մը՝ էրկանը հանդեպ հավատարիմ ըլլալը կամ ոչ՝ չեմ նկատեր իբրև իրական պատվո խնդիր մը, այլ այն եսական պահանջումներեն մեկը. որոնք առնական բնազդի ու կիրքի մը գոհացում կու տան: Սեփականության խնդիրն է աս, որ անշունչ նյութերեն անցնելով՝ մինչև կնոջ վրա կը ծանրանա:
«Ես պատիվը մարդոց իրարու օգտակարության մեջ կը տեսնեմ միայն. այն մարդը, որ իր նմաններուն ամենեն ավելի օգտակարն է՝ ամենեն պատվավոր մարդն է ինծի համար»:
Հիմա, ամբողջ օրեր միասին կ՚անցընեինք խոսելով Սերաֆիթային վրա, և այնպես մը, որ իբրև թե դեռ ողջ եղած ըլլար անիկա. այս կամովին պատիր ու շինծու բանը հաճելի էր մեզի: Բայց ծերունին երթալով կը տկարանար ու գոհ էր այդպես հատնելուն համար: Ձմեռը չկրցավ տունէն ելլել, ամեն առթիվ բան մը կը գտներ իր աղջիկը հիշելու համար: