Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/251

Այս էջը սրբագրված է

մինչև տանիքը հասցուցած է տերևներուն կանաչ սաղարթները ու ծաղիկներու գլխահակ գանգուրները. իր ճյուղերն ու ընձյուղները՝ անհուն տարփանքի մը, ջիղերու մշտնջենական երիտասարդության մը գալարումները, պրկումները ունին, և ծերությունը, այս ծառին մեջ, ամեն գարնան՝ մոլեգին, ախտավարակ ծլումներով, ծաղկումներով աչքի կը զարնե:

Բ.

Սերվինազ մեկունը կամ մյուսինը չէր, հայտնի կ՚երևար, որ կը սիրեր մեր Դ. կարգը իր հոգիին պես. հա՞րկ է ըսել, որ ինքն ալ մեր Դ. կարգին պաշտեցյալ հոգին եղավ միշտ:

Իր ժպիտը՝ ամենուս վրա բաժնվելով չէր տկարանար, պզտիկնար, անբավական դառնալով առանձինն ամեն մեկերնուս. ո՛չ. այլ կերպով մը իր գորովը ու խանդաղատանքը՝ վառ ամենուս համար ալ:

Թերևս մեր անձերը չէր սիրեր, այլ մեր պատանությունը, մեր թիվը, մեր զարտուղությունը: Երբեք իրարմե չնախանձեցանք զինքը. ոչ ալ իր ընտանիքը ընդմիջեց մեր անմեղուկ տարփանքին քաղցրությունը. տասերեք տասնըչորս տարու պատանիներ՝ լուրջ թեկնածություններ կամ վախնալու տարփավորներ չէին անշուշտ, բայց կրնամ վստահությամբ ըսել, որ ամենքնիս ալ այդ պահուն հոժարափույթ պիտի ամուսնանայինք իրեն հետ, թեև ութը, տասը տարու մեծ եղած ըլլար մեզմե:

Այս սերը՝ Դ. կարգին ուսման ծրագրին մասը կը կազմեր, քաղցրացնելով անհատնում դասախոսություններով լեցուն օրերնիս. իր հրապուրիչ դեմքը՝ կառավարչին ժանտ ու թթված երեսին դառնությունը կը մոռցներ:

Այսպես հեշտիվ բոլորեցավ տարեշրջան մը, որ չպիտի վերսկսեր, Թարգմանչաց վարժարանի խանգարմամբը: Դ. կարգը՝ այնքան հոծ, այնքան սերտիվ կապված, մեկ սիրտ, մեկ հոգի չմնաց. ամենքը ցրվե