Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/252

Այս էջը սրբագրված է

ցան հոս հոն, ամբողջացնելու համար կիսկատար ուսումնին, ապագա մը շինելու, ընկերական գոյություն մը պատրաստելու հետամուտ: Անհունական հաշիվներու ֆորմյուլներուն և Քեփլեռի օրենքներուն մեջ մոռցանք Սերվինազն ու իր եղրևանիով գոցված պատուհանը:

Գ.

Ինքը չմոռցավ մեզ. հինգ տարի վերջը, երկրաչափի վկայականս առնելե ետքը, տոնախմբության երեկույթի մը մեջ հանդիպեցա իրեն. նույնը մնացեր էր իր հրաշալի գեղեցկությունը, և բազմության մեջ իր գլխու շնորհալի շարժումեն անմիջապես ճանչցա Սերվինազը. պարողներու կրկին շղթայով մը շրջապատված էր. ես՝ արդեն հեռու աշխարհիկ երիտասարդ մը ըլլալե, ավելի վայրենացած իմ չափի ու հաշվի մարդու վերացումիս մեջ, արհամարհանքով կը նայեի այդ փերևետիկ[1] տղոց, հեռվեն կ՚ունկնդրեի այն փուճ ու սնոտի խոսակցությանց, որոնցմով օրիորդին քով ամեն ոք իր նրբամտության չափը կու տար:

Ակամա միտքս կը հաշվեր (հաշվի մարդու ունակություն մը) արժեքը այդ տղոց, այդ ծեքծեքումը, այդ սեթևեթ շարժումները, և գումարս՝ անհունապես փոքրի, զրոյի, ոչնչության կու գար կը հանգեր:

Սրահին լույսերուն մեջ Սերվինազ կը ճառագայթեր, մաքուր հագված, ձեռնոց դնող երիտասարդներու թևը մտած. որչա՜փ կը փափագեի խոսիլ հետը. ի՞նչ պիտի ըսեի. եթե երբեք համարձակեի մոտենալ իրեն. հինգ տարի առաջվան մեր պատուհանի մտերմությունը կը բավե՞ր հանկարծ քովը երթալու, հոս այս մարդոց մեջ, իբրև թե ընդհատված խոսակցություն մը շարունակելու ձևով:

Սերվինազը դիտելով իր գեղեցկության հաղթանակին մեջ, կը հիշեի Թաշ Վերտիվենի պատուհանը.

  1. փերևետիկ - (արևմտ.) պճնված, զուգված, զարդարված