Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/257

Այս էջը սրբագրված է

Սերվինազ էրկնեն բաժնված՝ հոս կը բնակի իր ութ տարու տղուն, Լևոնին հետ. երեսունըհինգի մոտ կին մըն է, անցյալ գեղեցկությանը գիտակցությունը, արժեքը զգալով հոս, այս պոռսային[1] մեջ, որ Փերա կը կոչվի, հիմա՛ ալ, իր սև սաթի մազերը առատ ու գեղեցիկ են առաջվան պես. հասակը նուրբ, բարեձև մնացած է. երեսին մորթը կծկած քիչ մը. շրթունքը՝ հեգնության պրկում մը ունի, որ դեմքը կը տգեղցնէ, բայց ակռաները մաքուր և ամբողջ են. վերջին հիվանդութենեն նիհարցած՝ ուսին տախտակները կը ցցվին դուրս:

Զարեհին հետ խոսած ատեն կը բացատրե, որ չէ կրցած աղեկ մը վրա գալ. պզտիկ օդափոխություն մը, քիչ մը աղեկ գինի, և առջինեն աղեկ միս պիտի կապե, մի՛ս, այո՛, վասնզի, անանկ չէ՞, էրիկ մարդիկ միսե կʼախորժին:

Կը խոսի խնդալով, կը խոստովանի իր հրապույրներուն պակսիլը, ինչպես հանցանք մը պիտի խոստովաներ ակամա. և արդարացնել կʼուզէ ինքզինքը, պատճառները թվելով, քաշած նեղությունը, գեշ էրիկ մը, հիվանդությունները: Հետո երիտասարդը, իսպառ չհուսահատեցնելու համար իր վայելչությանը վերադարձեն, կʼավելցնե, որ ամեն բան կրնա դարմանվիլ քիչ մը հանգստության երես տեսնելով: Անցյալը ապագային երաշխավորության կը կոչե, երաշխավորություններու ամենեն անհիմնը:

- Ատեն մը, գիտե՞ս, ինչպե՛ս պլըխ-պլըխ[2] էի. հիմա չորցա:

Եվ կը ժպտեր տխուր ժպիտով մը, որ ալ ավելի կը տգեղցներ զինքը:

Շուրջը կը նայեր, սեղանին վրա, անկյունները փնտրտուքի կʼելլեր ու կը դառնար երիտասարդին.

Թյություն չունիմ, որ հրամցնեմ:

  1. պոռսա, բորսա - (ֆրանս.) ֆինանսական և առևտրական խոշոր գործարքներ կատարող հիմնարկ, բանվորական ուժի առաջարկի և վարձման վայր, սակարան
  2. պըլխ–պըլխ - (թուրք.) չաղլիկ, թմբլիկ