Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/293

Այս էջը սրբագրված է

կը շինե, կը բանի, ճշմարիտ արվեստագետի մը Երանությամբը համակված:

Բոլոր արդուզարդեն՝ գլխուն օյան կը փոխվի երբեմն, հանդիսավոր օրերու մեջ, ծնունդին, զատկին, խաչին, և որուն անակնկալը, անոր նուրբ գծա– գրության նորությանը մեջ կը կայանա։

Հիմակվան ժանյակներու կոշտ ու ճաշակե զուրկ ձևերուն վրա արգահատելով, Թագուկ տուտուն իր ձեռագործին աննման կատարելությունովը կը խրոխտա ու հաղթանակը կը տանի, ծերացած դողդոջուն մատներուն, անլույս ու տկար աչքերուն հաղթանակը։

Բ.

Ոմանք, անողորմներ, գլուխը հավաքված՝ կտակը կը շինեն խեղճ պառավին. բռնի, ակամա կտակ մը, իր ներկայության, իր աչքին առջև, ի կենդանվույն ժառանգությունը բաժնելու համար մեջերնիս, քանի որ էրիկ չունի, զավակ չունի, մարդ ու մարդասանք չունի բացի մենե, որ ահա իր շուրջը բոլորված, իր լըքված առանձնությունը մեր զվարճախոսություններովը կը կենդանացնենք ու կոգևորենք։

Օր մըն ալ ունեցածը չունեցածը տեսնելու փափագը ունեցանք, ադամանդ չուներ, քոնսոլիտ ալ չուներ, ի՜նչ ուներ ուրեմն այս Թագուկ տուտուն, մեզի արժանի ի՜նչ ժառանգություն ցույց պիտի կարենար տալ օր մը, եթե մեռներ, անպիտան շորերե զատ, որոնք դուրսը անկյուն մը ընկուզենիե շինված պարկեշտ սնտուկի մը մեջ պահված էին:

- Սնտուկը նայինք մեյ մը՝ ըսավ վարի քովի տան տղան։

Թագուկ տուտուն բողոքեց, պոռաց, չէ մի որ մահվընեն ետքը մերն էր այդ սնտուկը, ինչ հարկ հիմակուց խառնշտկել իր բոլոր գույքը. իր իրավացի բողոքը խեղդվեցավ մեր հարուցած ժխորին մեջ:

- Սնտուկը, - պոռացին ամեն կողմե:

Բռնի առինք բանալին ձեռքեն ու ներս բերելով 293