Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/304

Այս էջը սրբագրված է

մանք մը առավ. ոտանավորը ձեռքե-ձեռք պտտեցավ ու հավնվեցավ. այս փիանիսթը [1], իրավ որ չգտնված մարդ էր: Լուրը տարածվեցավ տունե տուն, գեղե գեղ, և ամեն տեղ միևնույն խնդուքը պատճառեց:

- Փիանիսթ Սեֆերյանը Զարուհիին սիրահարեր է:

Իրա՞վ. ամենքը այս հարցումը կ՚ընեին, չկրնալով իրենց քրքիջը զսպել. պակաս էր քիչ մը խեղճ տղան:

Անկե ետքը խաղը կատարյալ ընելու բաղձանքներ հայտնվեցան. ներկայացումը ամբողջ ըլլալու էր. ու Զարուհիին եղբայրը գյուտ մը ըրավ. իր պաշտպանությանը տակ առավ երիտասարդ ուսուցչին սերը. թղթակցությունը իր միջոցով պիտի ըլլար:

Այն ատեն նամակները սկսան, միևնույն հիմար սիրույն խոստովանությունը, որ դրացիներու, բարեկամներու օրական զվարճալիքը կը հայթայթեր ու զվարթ ժամեր անցընել կուտար: Քանի մը մտերիմներ միջամտեցին այս անողորմ կատակին դեմ. զգուշացուցին ու արթնցնել ուզեցին զինքը:

- Մի խաբվիր, Սեֆերյան:

Խաբվե՞ր. իր բարեկամներուն սիրտը հանդարտեցուց. Զարուհին կը սիրեր զինքը։ Իզուր խրատ ու խորհուրդ տվին իրեն. ասոնք ամենքը նախանձոտներ էին իր սիրույն. ո՞վ ըսավ, որ հարուստի աղջիկ մը աղքատ մը սիրելու անկարող է. կ՚ուզեին, որ Զարուհիեն ստացած նամակները կարդա՞ր մեկիկ-մեկիկ. գի՞րը. եղբորն էր անշուշտ. Զարուհին չէր կրնար իր գրովը այդ նամակները հանձնել, բայց ան տոն տված էր անշուշտ եղբորը: Դարձյալ չէին հավտար. հո՛գը. ինք կը հավտար ու այս կը բավեր իրեն:

Եվ ճամփուն վրա անցնողները կանգ կ՚առնէին, դիտելու համար այս մտազբաղ մարդը, որ իր աճապարող քալվածքով ու շուրջին անուշադիր ձևովը ստույգ երջանկության մը ետևեն վազողի մը կը նմաներ:

  1. փիանիսթ-դաշնակահար