բախտությունը զգացնելու իրեն ու չէին հաջողեր. իր պատրանքը այն մշուշե շենքերեն չէր, որ արշալույսի առաջին նշույլին առջև ծվիկ-ծվիկ կը բզկտին, կ'անհետանան:
Իրեն հետ զբոսնելու համար, իր դյուրահավան սրտին խաղ խաղալու մտքով հորինված կատակը հիմա մշտնջենական ու անվանելի ստվերի մը պես ամեն տեղ կը հալածեր զինքը:
Գիշերը փողոցին մեջ կը սլքտկա. ջութակի մը աղեղին պես տրտնջող և անդուլ երթևեկ մը. երբեմն կանգ առնելով, ունկնդրելով ապարանքի մը պատուհանին տակ, որուն գոց վարագույրին ետին կանթեղի մը լույսը կ՚ընդնշմարվի, առկայծ ու պլպլացող լույս, մութի սահմանակից, որ հանցանք մը գործելե առաջ վարանող խղճմտանքի մը կը նմանի:
Այս սենյակին մեջ է հիվանդը, Զարուհին, հյուծված ու մաշած, պահելով դեռ գեղեցիկ աղջկան ախտաբույր վայելչությունը:
Զինքը սպառող հիվանդությունը անուն չունի. բարոյական երկարատև տառապանք մըն է ավելի, քան թե մարմնական ցավ մը, տառապանք՝ որ ամենեն սաստիկ խոնջենքեն շուտ քանդած է իր առողջությունը: Իր երբեմնի դասատուին անընդհատ հալածանքն է, որ կը սպաննե զինքը, հո՛դ, այդ անկողնին մեջ. այդ ծաղրելի սերն է, որուն ենթակա եղած է այսքան տարիե ի վեր՝ առանց փրկություն մը գտնելու: Այդ մարդը հետապնդած է իրեն շարունակ՝ հավատարիմ ուղտին պես, որ իր անշահասեր ու ծաղրելի անձնավորությամբը Թարթարենին ետևեն կ'երթար Ափրիկեեն մինչև Թարասքոն:
Ամեն միջոց ի դերև ելած է համոզելու համար այդ մարդը, թե չսիրեր և երբեք չէ սիրած զինքը. ու ամոթահար այդ ապուշի սերեն, ջղային անհանգստություն մը ունեցած է որ, քիչ-քիչ, տարիներու շրջա