Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/307

Այս էջը սրբագրված է

նին մեջ, ջուրին թուլիկ այլ համառ գործունեությանը պես քայքայած է իր առողջությունը: Այս սրտի ախոնդանքեն՝ կյանքը արդեն զզվելի թվելու մոտ է իր աչքին. մինչդեռ վարը, փողոցին մեջ, անգիտակից մարդասպանը կը թափառի դեռ իր սիրո անուրջներուն մեջ մոլորած, ուրախ ու երջանիկ է ան, այս կանխահաս մահվան մեջ նոր ու գերագույն ապացույց մը գտնելուն համար, իր սիրված ըլլալուն ապացույցը այս աղջիկեն, երբ աշխարհ խոսք մեկ ըրեր էր կարծես Ջարուհին իբրև խաբեբա և անսիրտ էակ մը ցույց տալու իր աչքին:

Այս մխիթարությունը կը ցոլա հիմա իր ավերյալ դեմքին վրա. այս հավաստիքով՝ իր կսկիծը երջանկության կը փոխվի նորեն, ու չկրնալով դուռնեն ներս մտնել, հոդ կենալու դատապարտված, փողոցին մեջ կը շարունակե երթևեկել, իբրև թե մտադրած տեղ մը ունենար, անուրջի մեջ քալող մարդու մը պես:

Ջ.

Զարուհիին մեռնելեն ետքը ամենքը բոլորովին հուսահատ ու դժբախտ կարծեցին զինքը: Իրոք, առջի երջանիկ ու երանյալ մարդն էր: Հիմա ոչ դաս, ոչ դրամ և ոչ հարգ ուներ ալ. մտերիմները այս սևեռյալ մտածումի, այս զակատյալ [1] մարդեն կը հեռանային քիչ-քիչ:

Հագուստները կը հիննային ու չէր կրնար նորեր գնել տեղը, բնակած փոքրիկ սենյակին վարձքը կը դիզվեր ու տանուտերը կը սպառնար դուրս նետել զինքը ու դաշնակը գրավել. դաշնա՞կը. երբեք չհավատաց, որ այդ բանը կարելի է, ու վայրկյան մը մտահոգ չեղավ:

Ու կը շարունակեր փողոցները թափառիլ ան

  1. զակատել - մոլորությամբ մի բանի հետամուտ լինել. բարկությունից կատաղել. խիստ կարոտել