Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/308

Այս էջը սրբագրված է

նպատակ, պահելով իր առջի երանյալ մարդու դեմքը զմայլած պատկերի մը առջև, որ ամէնուն աներևույթ՝ իր աչքին դեմն էր սակայն: Իր սիրելիին մահը, սրտմաշուք ցավե մը առաջ եկած, հատնումը ու սպառումը այս քաջառողջ աղջկան՝ իրմե զատվելեն ետքը, իր սերը ու հավատքը նվիրագործեր, ու իրեն խաղ մը խաղցուցած ըլլալու կարելիությունը հերքեր էր: Ապաքեն երբեք չէր տարակուսած անոր սիրույն վրա: Այսպես հեռվեն, լռիկ մնջիկ, տարիներով սպասեր էր առանց անձկության, և առանց կասկածի թունավորումը զգալու իր մաքուր սրտին մեջ, ու ծերացեր էր գրեթե:

Հիմա ալ, մահը կու գար իր ձեռքեն հափշտակելու համար զայն, ու ան ալ չէր հաջողեր. սիրելին հոն է միշտ, իր դեմը, իր աչքին առջևը, այն առջի օրվան անուշ ու տրտում նայվածքովը, որ չի գրվիր, չի զուրցվիր ու չի մոռցվիր:

(1892)