Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/312

Այս էջը սրբագրված է

ղող աղի ջուրերեն դուրս հանեցին զինքը, իր պրկված ձեռքին մեջ թի մը կար, վերջին բեկորը իր ընկղմած նավակին: Երբոր խելքը գլուխը եկավ, չհավտաց, փնտրելու ելավ. անկարելի էր, որ անհետ կորած ըլլար իր նավակը. տեղ մըն էր պահված, ուր պիտի երթար գտներ զայն, մաքուր, փայլուն կազմվածքովը, ժպտուն հարսի մը պես:

Հետո հարկ եղավ համոզվիլ. բայց անկե վերջը երեսը չխնդաց, իր կսկիծը ճշմարիտ սուգի մը համեմատությունները առավ. ետ ձգեց հարսնիքը, ու ատեն մը չաշխատեցավ:

Հաջորդ ամառ նոր մը շինել տալու ձեռնարկեց ու շինվածին չհավնեցավ. ետ ձգեց՝ ուրիշ մը ապսպրելու համար ու անկե ալ գոհ չեղավ. իր նավակին ճիշտ նմանը կը պահանջեր, չափը կուտար, ձևը կը բացատրեր, բայց ո՛չ. էն վարպետները այդ անանուն փափկությունը անգամ մըն ալ չհաջողեցան տալ: Ու իր հավաքած դրամները այսպեսով վատնեց. քիչ մըն ալ գինետունները սկսավ երթալ, օղիին, այս լուռ խոսակցին, իր ուզածը, իր բացատրել չկրցած խնդիրքը հասկցնելու:

Դ.

Անկե վերջը անկումը եկավ, մեղմ, թույլ, աննշմարելի, բայց ստույգ փճացումը։ Նշանածը, սպասելե ձանձրացած, ուրիշի մը հետ ամուսնացավ. և ինքը շարունակեց նավակ փոխել, անտեսանելի տիպարի մը համառությամբ դեռ հետամտելով. իր նավակը, իր ամուսնությունը, իր վիճակը հարցնողներուն մեկ բառով մը կը պատասխաներ, որ իր ամբողջ պատմությունը կը պարունակեր.

- Ֆուրթունա:

Թախծալից ու տրտում ձայնով մը կուտար պատասխանը, միշտ միևնույնը, բառ մը միայն կտրուկ.

- Ֆուրթունա:

Ըսին, որ խենթեցավ, գինովությունը ապուշի ձև մը տվավ իրեն, սկսան վրան ծիծաղիլ: