Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/340

Այս էջը սրբագրված է

սին վրայեն, հոն թողլով իր գարշապարին աղտոտ դրոշմը. ձյունը կուգար կը հանգչեր, երջանիկ այս կոխոտումներուն տակ:

Բաղդատություն մը եկավ միտքս այս կնոջ և այս ձյունին միջև. ապաքեն երկուքն ալ միևնույն ճակատագիրը ունեին:

Մաքսատան մեջ ճամփորդները կը լեցվեին անհամբեր, հակերու, սնտուկներու, ծրարներու մեջերեն քալելով: Քարափին վրա, այս եզերքեն, ուրկե ուղևորությունը կը սկսեր ալ, վերջին անգամ արտասանեց մեղմիվ տիկին Հովսեփյանի անունը:

— Նարդիկը չպիտի տեսնեմ ալ:

Լացավ. հետո իր գավառացիի տոկուն բնավորությունը հաղթեց:

- Այս քաղաքին մեջ բոլորովին թուլասիրտ մեկը դարձեր եմ:

Շոգենավին մեջ շատ չկրցանք խոսիլ ու ինքը մտազբաղ կը դիտեր այս ցուրտ օդը, ու բամբակի գուզերու պես տեղացող ձյունը, որ կը հիշեցներ իր պարահանդեսեն ելած առտուն, ճիշտ տարի մը առաջ: Ճշմարիտ վաղորդայնը այս ուղևորությունն էր ահա, որ գավառացի տղան կը խզեր ախտացյալ մայրաքաղաքին մոլորություններեն՝ իր պարտականության առաջնորդելու համար:

(1890)