Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/364

Այս էջը հաստատված է
Ա.



րբոր ներս կը մտնեմ սենյակին դուռնեն, ի՛նչ սուտ զրուցեմ, սիրտս ուժով կը բաբախե:

Իրավ է, որ տասը երկար տարիներ զիս այս տունեն կը բաժնեն, բայց երեկվան պես աչքիս առջևն է սա հեռավոր անցյալը: Բոլորը երկու ամսվան կյանք մը այս տունին շուրջը, բայց է՛ն տագնապյալը, է՛ն դժբախտը, որ անցուցած եմ պատանությանս մեջ, է՛ն մեծ վրդովումը հիմակվան խաղաղությանս ուղղվելե առաջ:

Ու ահա այս տանը դուռը ոտք կոխելուս, մտովին ամբողջ վերադարձ մը կը կատարվի հոգիիս մեջ. կ’երիտասարդանամ հանկարծ. կը զգամ, որ հիմակվան գիրուկ ու կարճուկ մարդը չեմ, որուն խորշոմած ճակտին վրա կյանքի պայքարները իրենց քով քովի շարված զուգահեռականները ձգած ու գացած են, խղճամիտ ձեռքով ակոսված արտի մը պես, այլ երեկի տղան՝ նիհար, հպարտ ու ճչող. կերպով մը այլափոխումը Ֆաուսթին, որուն մեջ սատանան դուրսեն չէ՛, իմ հիշատակներս են միայն:

Թեթև քայլերով ուրեմն կը մտնեմ ներս, իբրև թե այն մեծ ժամանակի անջրպետը հանկարծ բարձված ըլլար մեջերնուս:

Ամեն ինչ, շուրջս, այս պատրանքս հաստատելու խոսք մեկ ըրած է կարծես: Նորեն տասը տարվան առջի սրահն է, անփոփոխ, անայլայլ. մութ կարմիր թավիշե քանափեն իր բազմոցներով, անկյունը դրված դաշնակը` բաց ձգված ու չորս դին երաժշտության նոթաները ցիրուցան. պատերուն վրա՝ իրենց ամեն ատենի տեղը հաստատ՝ նույն պատկերները ու լուսանկարները, որոնց ամենեն զմայլելին սա դաշնակին վրա դրվածն է, երիտասարդ կնոջ մը դիմագիծը, զոր քաջ կը ճանչնամ:

Այդ լուսանկարին իրականը դեմս է ահա:

Իր սովորական տեղն է՝ պատուհանին քովը,