Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/365

Այս էջը հաստատված է

բազմոցին վրա նստած, ու մեղմիվ ահա ոտքի կ’ելլե և քայլ մը առաջ կուգա:

Ան է:

Տեսե՛ք անգամ մը, իր աղվոր հասակը բնավ փոխված չէ. իր սև աչքերը առջի տրտում ու խորունկ նայվածքը ունին. իր ձեռքերը միշտ նույն մանկական թաթիկներն են. իսկ մատվները ավելի նրբացած են քիչ մը:

Բայց պզտիկ մը գիրցած է, տարիքի բերմունք. ու իր ածուխի կոտրվածքի պես փայլոտ մազերուն մեջ ճերմակ թելեր սպրդած են. փայլակին գծած լուսավոր շավիղները մութ գիշերվան մը մեջ:

Ւր երեսին վարդ գունավորումը չէ մնացած. անոր տեղ փղոսկրին տժգույն ճերմակությունը միօրինակ իր երեսին վրա ծավալած է, մեղրամոմի ճերմակությունը:

Այս դեմքին լրջությունը աղեկ կը ճանչնամ, արձանի անխռով լրջությունը, զոր աշխարհիս ամեն աղերսները ու պաղատանքները չեն կրցած երբեք այլայլել:

Խնդալ ու ժպտիլ չէր գիտեր այս կինը. իր անտարբեր երեսը օր մը անուշ ու զվարթ ճառագայթով մը չփայլեցավ. իր կյանքի կանոնն էր աս:

Ու առջի հիշատակներս, առջի կսկիծներս քուներնուն կ’ելլեն, ինչո՞ւ այս խռովիչ աղվորությունը և ինչո՞ւ այս խոժոռ ու անժպիտ դեմքը, որ միևնույն է տասը տարի վերջը. մարդկային տկարություններու գլուխ չդարձնող դիցուհիի վեսությունը, իր արհամարհոտ կնկան բոլոր սառնությունը, հո՛դ, հայտնի, ընթեռնելի կերպով գրված են այդ դեմքին վրա:

Ու ես կրկին փորձությունը կը զգամ սրտիս մեջ պոռալու իր երեսին.

— Մեկդի՛ դիր այդ անտարբեր ու սրդողած երեսը, աստուծո սիրույն. անգամ մը գոնե խնդա՛ ինծի, խնդա՛, ո՜վ աղվոր կին:

Հազիվ երկու բառ փոխանակեր էինք, երբ իր աղջիկը ներս մտավ. տասնըվեց տարու պարմանուհի մը, վարդե ու լույսե խմորված էակ մը. նազանքով ու ժպիտով մոտեցավ ինծի: Ու աղեկ մը չեմ գիտեր ի՛նչ

365