Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/49

Այս էջը հաստատված է
Ա.



յր ու կի՞ն, թե քույր և եղբայր, չեմ գիտեր Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կը թողու, միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքուշ բան մը:

Շոգենավին մեջ, ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկած աչքերեն՝ նայվածքը աննպատակ կը թափառի պատուհանեն դուրս, ծովուն վրա: Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կը պատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը, որ իր բոլոր ուշադրությունը գրաված կը թվի:

Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես: Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը, որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու տպավորությունը կը թողուն:

Անբարտավան նստվածք մը ունի, որ կը վայլե իրեն, ոտքը ոտքին վրա, էրիկ մարդու մը պես. պահ մը կը հոգնի և ոտքին դիրքը կը փոխե, ու մետաքսի շրշյուն մը կու գա պատմուճանին[1] տակեն, ներդաշնակ ու փայփայող նվագի մը պես, բեհեզե[2] հանդերձեղեններու ձայնը:

  1. պատմուճան — երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու)
  2. բեհեզ — վուշից գործած նուրբ կտոր, փխբ. շատ նուրբ