Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/50

Այս էջը հաստատված է

Այսպես նստած, գիրք մը կարդալու տված է ինքզինքը. էջերը կը դարձնե հետզհետե տենդոտ ձեռքով մը, երբեմն ընթերցումը կ’ընդհատե, հիվանդին բառ մը ըսելու, պարբերություն մը ցուցնելու համար. ժպտելով, ծիծաղելով իր մունջ բարեկամը խնդացնելու, անոր մռայլամած ճակատը պատող տրտմությունը փարատելու հայտնի ջանքով մը:

Այս խնամոտ հոգածությունը այդ վես ու խիզախ կնոջ քով՝ հսկա ծառի մը վրա բացված փափուկ ծաղկի մը ներգործությունը կը թողու ինծի: Կ’զմայլիմ վրանին ու նորեն կը հարցնեմ ինքնիրենս.

— Ա՞յր ու կին, թե քույր ու եղբայր:

Բ.

Փրինքիփոյի մեջ ճանչցա զիրենք, մեծահարուստ հրեա ընտանիքե մըն էին: Էրիկը իր հորեղբորորդին էր ու անոր հիվանդագին վիճակը գիտնալով Սառա՝ ամուսնացեր էր հետը. երբեք ասիկա արգելք մը չէր նկատած իրենց ամուսնությանը: Ի՞նչ փույթ, կրնային մեռնիլ, օր մը չէ նէ օր մը պիտի զատվեին աշխարհես. կ’արժեր հաշվի դնել ասիկա: Սպանյոլի[1] տաք արյունը կը խաղար իր երակներուն մեջ. ու սիրո մեջ ալ նորեն հրեա շահախնդրի հանդուգն իմաստասիրությունն էր, որ ժառանգությամբ փոխանցվեր ու մտեր էր այս գեղեցիկ կնոջ հոգվույն մեջ:

Կարգվեր ու երջանիկ եղեր էին. բայց երթալով ա՛լ ավելի սաստկացեր էր այն մաշող հիվանդությունը, որ իր երիտասարդ ամուսինը կը հատցներ:

— Խնայե՛ էրկանդ, ըսեր էին իրեն:

Իր ախտավարակ խառնվածքը չկրցավ երբեք հանդուրժել այս պատվերին. արտաքին ցուրտ ու անտարբեր երեվույթին հակառակն էր ներսը ու երկու տարվան մեջ զիրենք այրող հուրը ճշմարիտ ավերումներ գործեր էր էրկանը վիճակին վրա. օդափոխու

  1. սպանյոլ - իսպանացի