Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/51

Այս էջը հաստատված է

թենե՝ եթե ոչ բժշկություն՝ գեթ բարվոքում մը կ’ակնկալեին: Ու հիվանդապահի մը պես կ’ընկերանար ահա իր ամուսնին, ամբողջ խնամքի, գուրգուրանքի մթնոլորտի մը մեջ պահելով զայն, ճիշտ ինչպես կանխահաս ծնունդով աշխարհ եկող երեխաները՝ արհեստական գաղջ մթնոլորտի մը մեջ կը մեծցնեն:

Բայց փոքրիկ բարելավություն մը ամեն խոհեմություն մոռցընել կու տար իրենց ու նորեն անուղղա շռայլի մը վարժությամբ կը վատնեին այս չնչին դրամագլուխը: Հետո, զղջում կու գար և հիվանդը վերստին կազդուրելու անդուլ աշխատությունը:

Աղեկ բարեկամ եղանք ամուսնին հետ ու շատ հեղ կ’երթայի իրենց տուն, զոր Փլադանայի կողմը ընտրած էին, հյուսիսեն փախչելով: Պատուհանին քով իր լայն թիկնաթոռին մեջ ընկողմանած հիվանդին աչքը դուրսն էր. ի՞նչ կը խորհեր արդյոք. կնոջը երեսը չնայելու տարտամ դիտավորություն մը կը գուշակեի. դժգո՞հ էր անկե. անոր վրդովիչ ներկայությամբը՝ չէ՞ր նմաներ քիչ մը այն սնանկ խաղամոլին, որ ձեռքը գրպանը կը դեգերի հիմա, ուրիշներուն ձգելով սեղանը, որուն ատենով բախտավոր գահերեցն էր:

Այո՛, ուրիշներուն պիտի թողուր այս կինը, իր սպառիչ հրապույրներովը, որ հիմա տարտամ կերպով մը կը հիշեցներ ինծի այն հոյակապ ապարանքներեն մեկը, որուն տերը մեկնելու հարկադրված՝ կանխահոգ[1] հեռատեսությամբ ինքը մեջը եղած ատենեն պիտակ մը փակցնե սա բառերով.


ԾԱԽՈՒ ՏՈՒՆ
Գ.

Իր բազմաթիվ սիրողներուն մեջ ամենեն վեհերոտը[2] ես էի. համարձակները կային, ձեռներեցները,

  1. կանխահոգ - նախօրոք հոգացող
  2. վեհերոտ - երկյուղած, ահաբեկված, վախկոտ, ընկճված