քծնողները, պահանջողները, ամբողջ հավաքածո մը, տեսակ մը սիրահարներու թանգարան: Ինծի՝ վերջապահին մեջ աննշան անկյուն մը միայն տրված էր. ոչ մեկուն համար հաշվի առնվելիք մրցակից մըն էի. ոչինչ ունեի Սառայի պես արտակարգ կնոջ մը առջև շնորհ գտնելու համար, իմ աշխարհի սրդողած իմաստասերի[1]խոկումներս[2] անշուշտ իր ջիղերուն կը դպչեին ու անկապ խոսքերս, որոնք ցիր ու ցան մտածումներուս ցոլքերն էին, շահեկան բան մը չէին կըրնար ըլլալ իրեն համար:
Անդին՝ իր շուրջը մարդիկ կային, որ նրբամտության հեղեղներ կը թափեին. հանճարեղ բառերով, անակնկալ պատրաստաբանություններով կը խնդացնեին իր անտարբեր դիցուհիի դեմքը: Ամենուն կ՚ըսեր միշտ.
-Էրիկս հիվանդ է ու սիրտ չունիմ:
Ասով իմ սրտիս ա՛լ ավելի կը մոտենար, վասնզի ես ալ կը սիրեի այս հիվանդը: Բանաստեղծի ու արվեստագետի խառնուրդ մը կար այս մարդուն վրա և ազնվական բան մը, որ համարում ու պատկառանք կ՚ազդեր ինծի: Եվ տեսնելով երիտասարդ կինը՝ հավատարիմ իր սիրույն ու անձնվիրությանը մեջ, իմ սերս ալ պարզապես հիացումի կը փոխվեր ու անմռունչ կը պաշտեի զինքը անմատչելի ու աննյութ արարածի մը պես: Գոհ էի երես չտալուն համար զինքը շրջապատող մարդոց, որոնք անկարեկից կը մտնեին այս տունը, իրենց փողկապին հանգույցը, շապիկին անբիծ սպիտակությունը ցուցնելով:
Սառա առաքինի կին մըն էր, աշխարհային երանութենեն իր արդար բաժինը առած ու վայելած կին մը, որ իր իրավունքեն ավելի չուզեր և գիտե իր սրտին ու իր մարմնին իշխել:
Այսպիսով իր բարոյական նկարագիրը մեծնալուն