Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/54

Այս էջը հաստատված է

փախչիր իրմե, այդ քու պարտքդ է արդեն, դուն անոր կինն ես, ե՞ս…

— Այդ կնոջը սիրողը, — մրմնջեց ականջս ի վար:

Ձեռքս չթողուց, ու ես ծռեցա համբուրելու համար զիս բռնող մատները:

— Ո՛չ, — ըսավ հեռանալով, — չ’ըլլար:

Հետո, տեսնելով ցաված դեմքս, մեղքցավ անշուշտ ու մատովը՝ խորհրդավոր նշան մը ընելով ավելցուց.

— Վերջը:

— Ե՞րբ:

Իրիկվան՝ սրտատրոփ նորեն եկա:

— Վերջը, ըսավ ինծի:

Ամեն նյութի վրա խոսեցանք. անիմաստ խոսքեր միայն ըսի կարծեմ, խելքս վրաս ըլլալու չէր. մեկնելու ժամուն կ’սպասեի ակնդետ[1]դուրս ելա:

— Վերջը, վերջը, — ըսավ նորեն Սառա ու ճամփու դրավ զիս:

Միշտ այսպես կ’ըսեր ինծի ու այս անդուլ հետաձգումը՝ մերժումի քաղաքավար ձև մը նկատած էի:

Ամբողջ ամառը անցավ ասանկ ու ես ալ չէի հիշեցներ իրեն խոստումը. բայց ան չէր մոռնար ու ամեն առթիվ միևնույն բառը կու գար իր շրթունքին վրա.

— Վերջը:

Ե՞րբ արդյոք:

Ե.

Վերջին վայրկյանները հիվանդին անուշ մրափի մը նմանեցան: Մահը մեղմիվ եկավ, պայծառություն մը բերավ կարծես թե այս տժգույն դեմքին: Գլուխը բարձին դրած, աչքերը կիսափակ՝ ճիշտ միևնույն մարդն էր, որուն չորս ամիս առաջ շոգենավին մեջ հանդիպած էի: Իր ոսկիի կարմրությամբ ցոլացող մազն ու մորուքը պատուհանեն եկող առտվան ճա

  1. ակնդետ - ակնապիշ, աչքերը սևեռած