Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/58

Այս էջը հաստատված է
Ա.


արհուրելի կերպով շպարված[1] ըլլալուն հակառակ՝ իր տասնյոթը տարու աղջկան շնորհը տակավին երեսին վրա էր: Իր ծարուրած աչքերը մռայլ ցոլացումով մը կը փայլեին, այնպես որ ակնարկը զքեզ շոշափելուն՝ թավիշի կակուղ հպումին տպավորությունը կը ձգեր մարմնիդ վրա: Մազերը առատ ու շքեղ, դեղինի ներկված, ո՛վ գիտե՝ ատեն չունենալուն կամ ուրիշ պատճառով մը՝ հարդարված չէին: Արձակված թափված այսպես ուսին վրա՝ կարծես անոնց ծանրությամբ էր, որ գլուխը դեպի ետ կը ծռեր քիչ մը:

Հոռի[2] ճաշակով պոռչտող[3] բան մըն էր արդուզարդը. կապույտ դիպակե փեշ[4] մը, կարմիր մետաքսե վերիդիով մը ամբողջացած. ծանրագին կերպասներու սեր, որ իր զրկված արարածի միամիտ վրիժառությունն էր տիկիններու դեմ:

Պարարտ ու շնորհալի կազմը այս կնոջ՝ անպատկառ կերպով հոլանի կուրծքեն, շարունակ վար սահող սև գուլպաները շտկելու, տեղը բերելու համար ըրած հարատև ջանքեն կը հայտնվեր: Ինքն ալ ցանկահարույց կեցվածքի մը հրապույրները կʼավելցներ անոր վրա, գիտակից ու ջանադիր լրբությամբ մը:

  1. շպարված - շպար, սնգույր քսել, շպարով գունավորել. փխբ. սքողել, դիմակավորել, փխբ. զարդարել, պճնել
  2. հոռի - վատ, անպիտան, անգութ, նվաստ
  3. պոռչտալ - տևականորեն՝ շարունակ պոռալ. այստեղ՝ ճչացող արդուզարդ
  4. դիպակե փեշ - մետաքսյա ոսկեթել և արծաթաթել կտորից կարված զգեստի քղանցք